Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնումն ու կառուցումը․ Աղաջանյան


Ադրբեջանական կողմը որևէ կերպ տրամադրված չէ սկսելու երկաթուղիների վերականգնման և կառուցման գործընթացը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ ունեցած գրագրությունները։

Աղաջանյանը շեշտեց՝ այժմ ադրբեջանական կողմը հայտարարությանը հակասող դիրքորոշում է որդեգրել, թե ամբողջ գործընթացը պետք է մեկ փաթեթի շրջանակում դիտարկել՝ ավտոճանապարը և երկաթուղին միաժամանակ պետք է բացվեն, ինչն, ըստ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, ուղիղ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել այդ թվում՝ երրորդ կողմի ներկայությամբ։

«Երբ եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի միջև, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջին հերթին գործընթաց կսկսվի երկաթուղիների վերականգնման և կառուցման հետ կապված, որի վերաբերյալ կար փոխադարձ համաձայնություն։ Այս գործընթացը որևէ տեղ չի հասել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ադրբեջանական կողմը ուղիղ այդ հայտարարությանը հակասող դիրքորոշում է որդեգրել այս պահին, և գործնականում մեր գրագրության արդյունքում պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը որևէ կերպ տրամադրված չէ այդ գործընթացը սկսել, և, հակառակը, այս պահին պարզվում է, որ իրենց դիրքորոշումը կայանում է նրանում, որ ամբողջ գործընթացը պետք է մեկ փաթեթի շրջանակում լուծվի՝ և՛ ավտոճանապարը, և՛ երկաթուղին միաժամանակ, ինչն ուղիղ հակասում է այն պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել այդ թվում՝ երորրդ կողմի ներկայությամբ», - ասաց Աղաջանյանը։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նկատեց՝ հաճախ առանձին հանդիպումներում, որոնց ներկա են գտնվում նաև երրորդ կողմերը, Ադրբեջանի կողմից հնչում են դիրքորոշումներ, հայտարարություններ, պատկերացումներ, որոնք ուղիղ հերքվում են հետագայում պաշտոնական հայտարարությունների տեսքով։

«Սա, բնականաբար, առնվազն չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը և բովանդակային քննարկմանը և հարցերի լուծմանը», - եզրափակեց Աղաջանյանը։

Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կողմերի միջև ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորներին հաջողվել է Բրյուսելում համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։

Ադրբեջանի հետ կապը վերականգնելու համար Հայաստանը Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգիծ պետք է կառուցի։

Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում հաճախ է շեշտում, թե երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի վերջին, կառավարության նիստի ժամանակ, տեղեկացրեց, թե Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերագործարկման վերաբերյալ առաջիկայում սպասվում է փաստաթղթի ստորագրում՝ առանց մանրամասներ հրապարակելու։

Հարցազրույցն ամաբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG