Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ոչ ոք չի քննարկում միջուկային զենք կիրառելու գաղափարը. Պեսկով


Կրեմլի խոսնակը հերթական անգամ փորձել է հանգստացնել ամերիկացիներին երեկ երեկոյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հայտարարելով, թե Ռուսաստանում ոչ ոք չի քննարկում միջուկային զենք կիրառելու գաղափարը և Ուկրաինայում ռազմական գործողության ցանկացած ընթացք չի կարող միջուկային զենք կիրառելու պատճառ հանդիսանալ:

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրի գոյությանը իրական սպառնալիքի դեպքում, PBS-ին տված հարցազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Մենք ունենք անվտանգության հայեցակարգ, որը շատ հստակ ասում է, որ միայն այն դեպքում, երբ վտանգ կա մեր երկրի գոյությանը, մենք կարող ենք միջուկային զենք օգտագործել այդ սպառնալիքը վերացնելու համար»:

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման պայմանները նկարագրված են Ռազմական դոկտրինի 27-րդ կետում։ Դրանում ասվում է, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել այն ի պատասխան իր կամ նրա դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի կիրառմանը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի դեպքում, «երբ վտանգված է հենց պետության գոյությունը»:

Պուտինի մամուլի քարտուղարը այս կապակցությամբ շեշտել է, թե «էկզիստենցիալ սպառնալիքի առկայությունը և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը միմյանց հետ կապ չունեն»։

PBS-ի լրագրողը Պեսկովին հարցրել է, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինը մտքում ունե՞ր միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը, երբ, հայտարարելով Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկի մասին, զգուշացրել էր այլ երկրներին, որ չփորձեն միջամտել հակամարտությանը: Պուտինն այդ ժամանակ ասել էր․ «Ռուսաստանի արձագանքը կլինի անհապաղ և կհանգեցնի այնպիսի հետևանքների, որոնց երբեք չեք բախվել ձեր պատմության մեջ»։

Սա միջուկային զենքի մասին չէ, պնդել է հարցազրույցում Պեսկովը և հավելել․ «Ռուսաստանում ոչ ոք չի մտածում միջուկային զենքի կիրառման մասին, անգամ այդ գաղափարի մասին»:

Financial Times-ը տեղեկատվություն է հրապարակել ռուս-ուկրաինական հնարավոր համաձայնագրի նախագծի մասին

Արևմտյան փորձագետները նկատում են՝ ինչքան երկար է տևում պատերազմը, այնքան տեսանելի է Մոսկվայի հռետորաբանության փոփոխությունը։

Բրիտանական Financial Times թերթը, վկայակոչելով չորս աղբյուրներ, տեղեկատվություն է հրապարակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր համաձայնագրի նախագծի մասին։ Թերթի աղբյուրների համաձայն՝ բանակցային սեղանի փաստաթղթում չկա «ապանացիստականացման», «ապառազմականացման» և Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին պահանջները: Փոխարենը կա կետ այն մասին, որ Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, ինչպես նաև միջուկային զենքի մշակումից և օտարերկրյա ռազմաբազաների տեղակայումից:

Իսկ անվտանգության երաշխիքներ Ուկրաինան կստանա 11 երկրներից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իտալիայից, Լեհաստանից, Իսրայելից և Թուրքիայից: Ընդորում՝ Մոսկվան չի առարկում Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության դեմ։

Բանակցությունների ամենաբարդ հարցը Ղրիմն ու Դոնբասն են, գրում է Financial Times-ը։ Այս հարցը կարող է հետաձգվել մինչև Պուտինի և Զելենսկու անձնական հանդիպումը։ Ուկրաինան պատրաստ չէ ընդունել իր սահմանների փոփոխությունը, բայց կարող է խոստանալ, որ չի փորձի ուժով վերադարձնել թերակղզին և արևելյան շրջանները։ Սրա հետ մեկտեղ, հրապարակման համաձայն, Ուկրաինան և արևմտյան երկրները թերահավատորեն են վերաբերվում Պուտինի մտադրություններին՝ վախենալով, որ նա կարող է բանակցությունները օգտագործել որպես ժամանակ իր ռազմական ուժերը և ծրագրելու նոր հարձակման պատրաստելու համար։

Ի դեպ՝ Զելենսկին ռուսական լրատվամիջոցներին օերերս տված հարցազրույցում ասել էր, թե համաձայն է, որ այս փուլում գոնե Ռուսաստանը իր զորքերը թողնի մինչև փետրվարի 24 ը Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող տարածքներում։

Արևմտյան փորձագետները վերջին օրերին գրում են, թե Ռուսաստանը հրաժարվել է Ուկրաինան՝ Կիևը արագ գրավելու Պուտինի նախնական ծրագրից և ուզում է կենտրոնանալ Դոնբասի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի այսօրվա հայտարարությունն այս տրամաբանության շրջանակում է: Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինական բանակը զգալի վնաս է կրել, և ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության հիմնական խնդիրները կատարվել են:

«Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը զգալիորեն կրճատվել է, ինչը թույլ է տալիս մեր հիմնական ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին` Դոնբասի ազատագրմանը», - նշել է Շոյգուն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG