Մատչելիության հղումներ

Ռուս - ուկրաինական բանակցությունները այսօր կշարունակվեն Ստամբուլում


Ռուս - ուկրաինական բանակցությունները Բելառուսում, մարտ, 2022թ․
Ռուս - ուկրաինական բանակցությունները Բելառուսում, մարտ, 2022թ․

Ռուս - ուկրաինական բանակցություններին մասնակցող միլիարդատեր Ռոման Աբրամովիչի, ինչպես նաև ուկրաինական պատվիրակության մի քանի անդամների մոտ այս ամսվա սկզբին թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել, բայց կան նաև այլ վարկածներ, բժշկական որևէ հետազոտություն դեռ չկա, որ փաստի, թե նրանք իրոք թունավորվել են։

Այդուհանդերձ, The Wall Street Journal-ը և Bellingcat հետաքննական խումբը պնդում են, որ դա թունավորում է։ Օլիգարխին մոտ կանգնած մարդիկ ասել են, որ նրա աչքերը կարմրած էին, արցունքներ էին առաջանում, մաշկի վրա նույնպես նշաններ էին հայտնվել, որոշ զրուցակիցներ ասել են, որ Աբրամովիչը նույնիսկ մի քանի ժամով կորցրել էր տեսողությունը։ Այս ախտանշանները, ինչպես գրում է մամուլը, երևացել են մարտի սկզբին։
Bellingcat-ը կարծում է, որ հնարավոր է՝ օգտագործվել է Ալեքսեյ Նավալնիի թունավորման նույն նյութը, բայց՝ ավելի փոքր դոզայով, որպեսզի Աբրամովիչին վախեցնեն, այլ ոչ թե սպանեն։

Աբրամովիչի մոտ այդ նշանները երևացել էին, երբ նա այցելել էր Կիև։ Նրա այցի մասին քչերը գիտեին, բայց հնարավոր թունավորման լուրերից հետո հայտնի դարձավ, որ օլիգարխն առնվազն երկու անգամ մարտի սկզբին այցելել է Կիև։

Սակայն թունավորման վարկածը 100 տոկոսով հաստատված չէ։ Հնարավոր է համարվում, որ այդ նշանները կապված լինեն սննդի հետ։ Իսկ ամերիկյան հետախուզության հետ կապեր ունեցող աղբյուրը հաղորդում է, որ ամերիկյան հետախուզության կարծիքով՝ միջավայրի փոփոխությունը ևս կարող է թունավորմանը նմանվող նշաններ ցույց տալ։

Ամեն դեպքում, ռուս - ուկրաինական բանակցությունները այսօր նախատեսված է շարունակել, այս անգամ՝ Ստամբուլում։ Ըստ Financial Times-ի՝ Մոսկվան պատրաստ է հրաժարվել իր նախկին պահանջների մեծ մասից։ Նախկինի պես Մոսկվան չի պնդում «դեմիլիտարիզացիա և դենացիֆիկացիա», ինչպես նաև ռուսաց լեզվի կարգավիճակի հարցը։ Մոսկվան պատրաստ է համաձայնել, որ Ուկրաինան կարող է Եվրամիության անդամ դառնալ, բազմակողմ անվտանգության երաշխիքներ ունենալ, բայց շարունակում է պնդել, որ Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից, իր տարածքում երրորդ երկրի ռազմակայան չտեղադրի, և պետք է երաշխիքներ տա, որ չի փորձելու ատոմային զենք ստեղծել։ Financial Times-ը նշում է, որ այդ մասին հայտնել են չորս մարդիկ, ովքեր տեղյակ են ռուս - ուկրաինական բանակցությունների ընթացքին։

Ամեն դեպքում, նաև կասկածներ կան, մասնավորապես՝ ուկրաինական պատվիրակության անդամների մոտ, որ զիջումների գնալու՝ ռուսների պատրաստակամությունը հնարավոր է անկեղծ չէ, պարզապես փորձում են ժամանակ շահել՝ զորքերը վերադասավորելու համար։
Իսկ Դոնեցկի և Լուգանսկի կարգավիճակի հարցը ենթադրվում է լուծել Պուտին - Զելենսկի ուղիղ բանակցությունների ժամանակ, գրում է Financial Times-ը։



XS
SM
MD
LG