«Մեծ յոթնյակի» երկրները հրաժարվում են ռուսական գազի համար վճարել ռուբլով։ G7-ի բոլոր նախարարները համակարծիք են՝ դա պայմանագրերի միակողմանի և ակնհայտ խախտում է։
«Ռուբլով վճարումներն անընդունելի են, մենք կոչ ենք անում շահագրգիռ ընկերություններին չենթարկվել Պուտինի այդ պահանջին»,- հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
Այսօր ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական գազի համար ռուբլով վճարումները մերժելու դեպքում Մոսկվան կհրաժարվի գազ մատակարարել «անվճար»:
Անցած օրերին նախագահ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած եվրոպական երկրները այսուհետ պետք է ռուսական գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնեն։ Այսկերպ Մոսկվան փորձում է ամրապնդել ռուբլու փոխարժեքը, որը սկսել է գահավիժել Կենտրոնական բանկի ակտիվների զգալի մասի սառեցման ֆոնին։