«Ուկրաինական բանակը մեկ ամիս է անհավասար պայքար է մղում»
Արևմուտքի լիդերները հավաքվել են Բրյուսելում, որտեղ երեք արտահերթ գագաթնաժողովներ են անցկացվում: ՆԱՏՕ-ի հավաքն արդեն ավարտվել է, օրակարգում Եվրամիության և «Մեծ յոթնյակի» հանդիպումներն են:
Միակ խոշոր թեման Ուկրաինայի պատերազմն է: Արևմուտքը ցանկանում է օգնել Ուկրաինային և դաժան ագրեսիայի համար պատժել Մոսկվային, կամ, ինչպես Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն է այսօր ասել, «տնտեսական սանկցիաներով էլ ավելի սեղմել պնդօղակը Ռուսաստանի ռեժիմի կոկորդին»:
Ուկրաինայի ղեկավարը գրեթե ամբողջությամբ պաշարված մայրաքաղաքից տեսակապով դիմել է ՆԱՏՕ-ի լիդերներին:
«Ուկրաինան չունի հակահրթիռային հզոր համակարգ և Ռուսաստանի համեմատությամբ ունի շատ ավելի փոքր օդուժ: Առավելություն ունենալով օդում՝ ռուսները զանգվածային ոչնչացման զենքեր են կիրառում, և դուք տեսնում եք դրա հետևանքները, քանի մարդ է զոհվել, քանի քաղաք է ավերվել; Ուկրաինական բանակը մեկ ամիս է անհավասար պայքար է մղում, և ես կրկնում եմ այն, ինչ մեկ ամիս է ասում եմ՝ մարդկանց կյանքը, մեր քաղաքները փրկելու համար Ուկրաինային ռազմական օգնություն է պետք, առանց սահմանափակումների»,- ասել է Զելենսկին:
Նա պնդել է, որ Պուտինը բնավ մտադիր չէ կանգ առնել Ուկրաինայում: Հաջորդը կլինեն Բալթյան երկրները, հաստատ նաև Լեհաստանը:
«Ադյո՞ք այդ ժամանակ ՆԱՏՕ-ն կդադարի մտածել այն մասին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, արդյո՞ք ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածն ուժի մեջ կլինի»,- ասել է Զելենսկին:
ՆԱՏՕ-ն արժանին է մատուցում հերոսաբար պաշտպանվող ուկրաինացիներին
Բայց ՆԱՏՕ-ն վերստին նկատել է տալիս, որ խուսափում է Ուկրաինայի պատերազմին ուղիղ միջամտելուց, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի հետ առճակատման:
Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գագաթնաժողովից հետո հանդես է եկել եզրափակիչ հայտարարությամբ: Նա ասել է, որ դաշնակիցները խստորեն դատապարտում են ռուսների ագրեսիան և այն համարում են Եվրատլանտյան անվտանգության դեմ ուղղված ամենամեծ սպառնալիքն անցած մի քանի տասնամյակում:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է անում՝ անհապաղ և առանց նախապայմանների դադարեցնել ռազմական գործողություններն ու դուրս հանել զորքն Ուկրաինայի տարածքից:
ՆԱՏՕ-ն արժանին է մատուցում երկիրը հերոսաբար պաշտպանող Ուկրաինայի բանակին և ժողովրդին: ՆԱՏՕ-ն կոչ է անում ռուսներին՝ անհապաղ ընձեռել Մարիուպոլի բնակիչներին օգնություն հասցնելու հնարավորություն:
ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում
ՆԱՏՕ-ն ընդգծում է, որ Ուկրաինան ունի իր ապագան ընտրելու, այդ թվում՝ դաշինքներին միանալու իրավունք, այդ առումով ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն անփոփոխ է մնում:
ՆԱՏՕ-ն նաև Բելառուսին է կոչ անում՝ դադարեցնել անուղղակի աջակցությունը ռուսների սանձազերծած ագրեսիային:
ՆԱՏՕ-ն հաշվի է առնում ռուսների ագրեսիան և կդիմի դաշինքը հզորացնելու լայնածավալ միջոցների, արևելյան թևն արդեն պաշտպանում է նոր տեղակայված 40-հազարանոց ուժեղացված զորախումբ:
Այս բոլոր հարցերը լրացուցիչ կքննարկվեն այս տարվա հունիսին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում, որը պետք է հաստատի դաշինքի Ռազմավարական նոր հայեցակարգը:
Առաջնահերթ խնդիրը՝ խուսափել առճակատման ընդարձակումից
5-րդ հոդվածը գործում է և հարկ եղած դեպքում անմիջապես կկիրառվի: Ստոլտենբերգի խոսքով, Պուտինը ռազմավարական կոպիտ սխալ է գործել հարձակվելով Ուկրաինայի վրա, դա ծանրագույն հետևանքներ կունենա Ռուսաստանի պետության և ժողովրդի համար:
«Մենք վճռական ենք և ամեն բան կանենք՝ Ուկրաինային օգնելու համար: Ես ողջունում եմ այդ նպատակով դաշնակիցների ձեռնարկած կոնկրետ միջոցները: Միևնույն ժամանակ մեր վրա կա կարևոր պարտավորություն՝ խուսափել առճակատման ընդարձակումից, որովհետև դա կլինի էլ ավելի վտանգավոր և ավերիչ»,- ասել է Ստոլտենբերգը: