Մատչելիության հղումներ

Գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարման խնդրի լուծման համար. Միրզոյան


Արցախի ողջ տարածքում արդեն երկրորդ անգամ գազամատակարարման խափանման պատճառ դարձած խողովակը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում և գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը խնդրի լուծման համար, այսօր Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Վթարը կամ այս դեպքում արդեն պարզ չէ ինչպես դրան անվանել, վթար չի, ըստ երևույթին, ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում և մեր առաջնային կապն, իհարկե, ռուսաստանյան գործընկերների հետ է, բայց նաև ողջ մնացյալ քաղաքակիրթ աշխարհի հետ», - ասաց Միրզոյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ կառավարությունը ի՞նչ միջոցառումների ծրագիր է նախատեսել Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար։ Գրիգորյանը փոխանցեց՝ կա 21 միջոցառում, որոնք ցանկացած պահին կարող են գործարկվել, բայց չմանրամասնեց, թե երբ կարվի դա։

«Կախված նրանից, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, ըստ այդմ այդ միջոցառումների ցանկից կընտրվի թիրախայինը: Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի 21 թվականը Արցախի բյուջեի համար լինի ինստիտուցիոնալ տարի, որպեսզի հնարավոր բոլոր միջոցառումները իրականացվեն Արցախի կառավարության կողմից», - պատասխանեց Գրիգորյանը:

Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքները. Միրզոյան

Արտգործնախարարը խոսեց նաև այս համատեքստում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններ սկսելու գործընթացից։ Ասաց՝ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանի պատասխան առաջարկները փոխանցել են Բաքվին, արձագանք առայժմ չկա։ Միրզոյանը նաև ընդունեց՝ ուկրաինական պատերազմն ու Ռուսաստան -Արևմուտք սրված հարաբերությունները Մինսկի խմբի ֆորմատով աշխատանքը դժվարացրել են:

«Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, ընդհուպ մինչև համատեղ քննարկումների մակարդակի, բայց նաև ելնելով շատ կոնկրետ որոշակի ազդակներից ու ուղերձներից, որ ես ստացել եմ և՛ համանախագահ երկրներից, և՛ բազմաթիվ այլ երկրներից, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, և սա բավականին հուսադրող է», - ընդգծեց նախարարը:

Միրզոյանը վերահաստատեց՝ ավելի վաղ հնչեցրած իր հայտարարությունը, թե Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։

Ադրբեջանը, մասնավորապես, Հայաստանին առաջարկել էր ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։ Հայաստանի պատասխանն այդ առաջարկներին, ըստ Միրզոյանի, ամբողջությամբ արտացոլված են «Արմենպրես»-ին տված իր հարցազրույցում։

Ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը խնդրեց հստակեցնել՝ հատկապես ի՞նչն է ընդունելի հայկական կողմի համար։

«Ձեզ համար կարո՞ղ է ընդունելի լինել կարգավորման որևէ տարբերակ, որ Արցախը որևէ կարգավիճակով ներառվում է Ադրբեջանի կազմում», - հարցրեց Խամոյանը:

«Բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, սա նշանակում է, որ մենք ադրբեջանական կողմից և միջնորդներից, համանախագահությունից ակնկալում ենք, որ բանակցություններին ընդառաջ մեզ նախապայմաններ չեն առաջադրվի և նաև պահելով մեր իսկ բարձրաձայնած կանոնները, մենք ինքներս նույնպես նախապայմաններ չենք դնում և չենք կանխորոշում բանակցությունների արդյունքները», - պատասխանեց ԱԳ նախարարը:

Ընդդիմադիր Աղվան Վարդանյանը խնդրեց հստակեցնել մոտեցումները, ի՞նչ ներպետական ընթացակարգեր պետք է անցնի հնարավոր խաղաղության պայմանագիրը։ Վարդանյանին առավելապես հետաքրքրում էր, իշխանությունների դիրքորոշումը հանրաքվեի մասով։

«Հանրաքվեի հետ կապված, մենք նման ընթացակարգեր չունենք, միջազգային որևէ համաձայնագրի կամ պայմանագրի հետ կապված», - ասաց Միրզոյանը:

Ինչպե՞ս է Ներքին Հանդի տարածքն Ադրբեջանի հսկողության տակ հայտնվել մեկ տարի առաջ, հարցին պատասխան ՊՆ-ը չի տալիս

Ադրբեջանական կողմը Ներքին Հանդի վարչական տարածք նոր առաջխաղացում չի ունեցել, ուղղակի վերադարձել են իրենց դիրքեր: ՊՆ-ի այս հաղորդագրության մասին հարց բարձրացրեց սյունեցի ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ինչո՞ւ է հնարավոր եղել ադրբեջանցիների առաջխաղացումը, երկրորդ, այն դեպքում երբ ադրբեջանցիները նախորդ տարի դուրս էն եկել և հիմա են նոր վերադառնում, ինչո՞ւ այդ ընթացքում հայկական կողմն այդ դիրքերը չի զբաղեցրել, որը ենթադրում է առանց որևէ բախումների այդ դիրքի զբաղեցնում, և երրորդը՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը գնում և տեսնում, որ ադրբեջանցիներ են այնտեղ տեղակայված: Ինչո՞ւ չկա այդ խողովակը մարդկանց հետ խոսելու, բացատրելու և զգուշացնելու հնարավոր վտանգների մասին», - հարցրեց Գրիգորյանը:

«Այսինքն հրապարակայի՞ն ամեն ինչ պիտի խոսենք, դա ձեր գործելաոճն է հրապարակայնացնել այն, ինչ կարիք չկա հրապարակայնացնել, դա 5-րդ շարասյան գործն է համոզել համայնքապետին խոսել նրա մասին, որ համայնքը զրկվել է ջրից, այնինչ համայնքը ջուր է ստանում», - արձագանքեց իշխանական պատգամավորը:

Ինչո՞ւ և ինչպե՞ս է Հայաստանի այդ տարածքն Ադրբեջանի հսկողության տակ հայտնվել մեկ տարի առաջ և ինչո՞ւ այդ մասին չեն տեղեկացրել գոնե տեղում ապրողներին, այս հարցերի պատասխանը Պաշտպանության նախարարությունը չի տալիս:

Ազգային ժողով- կառավարություն նախորդ հարցուպատասխանը վարչապետ Փաշինյանի բավականին սուր ձևակերպումներով պատասխաններից հետո անցավ լարված մթնոլորտում, ընդդիմադիրներն էլ բոյկոտեցին ու դուրս եկան նիստերի դահլիճից։ Այսօր ընդդիմադիրները հատուկ ընդգծեցին՝ երբ խոսափողին մոտենում է Արարատ Միրզոյանը, հարցուպատասխանն անցնում է ավելի կառուցողական մթնոլորտում։ Այս անգամ ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր պատգամավորները վարչապետին ոչ մի հարց չուղղեցին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG