Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում Ֆրանսիայի արտգործնախարարը իր երկու գործընկերներին էլ հայտնել է, որ Ֆրանսիան, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։
Ռուսաստան-Արևմուտք ծայրահեղ լարվածության այս փուլում որքան է հավանական, որ Մինսկի խումբը ակտիվանա այս գործընթացում ու նպաստի դրան։ Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը քիչ հավանական է համարում այս հեռանկարը։ Ըստ նրա՝ Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքերը հիմնականում Ֆրանսիայի դերակատարմանն են վերաբերվում։
«Այսինքն հայտարարելով իր պատրաստակամության մասին՝ աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, որքանով ես եմ հասկանում, Ֆրանսիան չի ակնարկում, որ ինքը դա պատրաստ է անել բացառապես որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվության պայմաններում, այլ ասում է, որ ինքը որպես պետություն, որն ունի բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ և ունի հարաբերություններ Ադրբեջանի հետ, պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն առնչվող բանակցությունների գործում», - ասաց քաղաքագետը:
Ֆրանսիայի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ժան-Իվ Լը Դրիանը Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներում ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորությունը և տարածաշրջանի երկրների հետ խորհրդակցությունների Փարիզի պատրաստակամությունը։ Լը Դրիանը իր մտահոգությունն է հայտնել վերջին օրերին Արցախում լարվածության առնչությամբ և կոչ է արել գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ այն նվազեցնելու ուղղությամբ։
Հեռախոսազրույցի մասին պաշտոնական Երևանի հաղորդագրությունում նշվում էր, որ Արարատ Միրզոյանն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Երևանը այս շաբաթվա սկզբին էր հայտարարել, որ խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը։ Մինսկի խմբից պաշտոնական հրապարակային պատասխան առայժմ չկա։
«Իմ գնահատմամբ՝ Մինսկի խումբը պատկերավոր ասած վերակենդանացման բաժանմունքում էր՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից կամ 2020 թվականի արցախյան պատերազմից և շատ քիչ հավանական եմ համարում նրա էական ակտիվացումը առաջիկայում», - նշեց Բենիամին Պողոսյանը:
Պաշտոնական Բաքուն հաղորդագրությունում իր հերթին շեշտել էր, որ արտգործնախարարները քննարկել են խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները։ Ադրբեջանը ևս մինչ օրս անարձագանք է թողել խաղաղության բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով անցկացնելու՝ Հայաստանի առաջարկը։
Փոխարենը գաղտնազերծել է իր 5 առաջարկները՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, հրաժարվել միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից, իրականացնել սահմանազատում, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել կոմունիկացիաները։ Եվ եթե Երևանը խոսում է Մինսկի խմբի շրջանակներում խաղաղության բանակցություններից, Բաքուն իր հինգ առաջարկներն ընդունելու դեպքում է նման պատրաստակամություն հայտնում։
Ֆրանսիայից բացի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները ևս՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Երևանի դիմումից հետո խաղաղության գործընթացին աջակցելու պատրաստակամություն են հայտնել, սակայն երեք երկրները այդպես էլ չեն հստակեցնում՝ կկազմակերպե՞ն Մինսկի խմբի շրջանակում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։