Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը խողովակը նորոգելիս այն բացել ու փակելու հարմարանք է տեղադրել. Արցախի իշխանություններ


Երեկ կեսգիշերն անց Արցախում գազամատակարարումը կրկին խափանվել է։

Արցախի իշխանություններն վստահեցնում են՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում գազատարի վրա փական է տեղադրվել, ինչից հետո երեկ կեսգիշերն անց պարզապես փակել են Արցախի 100 հազար բնակչին սպասարկող խողովակը։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից հետաքրվեցինք՝ ունե՞ն ապացույցներ փականի տեղադրման վերաբերյալ։ «Համենայն դեպս, եթե այդ հիմքերը չլինեին, տեղեկատվական շտաբը նման հայտարարություն չէր տարածվի», - պատասխանեց Ավանեսյանը։

Առանց փակագծերը բացելու, Արցախի իշխանությունները վստահեցնում են՝ մարտի 8-ի պայթյունից հետո ադրբեջանական կողմը խողովակը նորոգելիս այն բացել ու փակելու հարմարանք է տեղադրել, երեկ գիշերն արդեն գազապատակարարումը դադարեցնելու համար այլևս պայթյունի կարիք չի եղել։

Ավանեսյանը հաղորդեց, որ իրավիճակի մասին տեղեկացվել է ռուս խաղաղապահների հրամանատարությունը, որն այժմ բանակցում է գազամատակարարման վերականգնման համար. - «Փորձում ենք կարգավորել խնդիրը։ Առայժմ առաջընթաց չկա այդ առումով»։

Մինչ բանակցությունները շարունակվում են, մեկը մյուսի հետևից հայտարարություններով հանդես եկան Արցախի ու Հայաստանի արտգործնախարարությունները։ Արցախի ԱԳՆ-ն տեղի ունեցածը հումանիտար ահաբեկչություն է անվանում, Հայաստանի ԱԳՆ-ն՝ «արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականություն»։

«Ձյան աննախադեպ տեղումների և ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից։ Ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանը 8 օր շարունակ թույլ չէր տալիս աշխատանքներ իրականացնել նույն տեղանքում չպարզված հանգամանքներում վթարված գազատարի վերանորոգման ուղղությամբ։ Այսպիսով, բացի Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված իր մյուս շարունակական գործողություններից և Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների մուտքը խոչընդոտելուց, Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Լեռնային Ղարաբաղում ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը», - հայտարարում է ԱԳՆ-ն ավելացնելով, որ կա միջազգային հանրության հստակ արձագանքի կարիքը։

Դեռ մինչև գազամատակարարման դադարեցումը Արցախում վատ եղանակի պատճառով մի քանի օրով փակել էին մանկապարտեզներն ու դպրոցները։ Ինչպես Հայաստանի տարածքում, այնպես Արցախում օրեր շարունակ առատ տեղումներ էին, կային անանցանելի ճանապարհներ։ Արցախում դեռ ձմեռային եղանակ է, ինչն ավելի է բադարցնում տների ու բնակարանների ջեռուցումը։

Ստեփանակերտից Լիլիթ Գրիգորյանը պատմեց, որ անցել են էլեկտրական վառարաններին. - «Առավոտյան գազ չունեին։ Գիշերը թույլ էր և տները սառչում էինք։ Հետո վեր կացանք էլեկտրականությունը վառեցինք, բայց էլեկտրականությունը, քանի որ բոլորը էլեկտրականության վրա են, թույլ ա հոսանքը, լույսերն են անջատվում»։

Լիլիթը հինգ մանկահասակ երեխա ունի, ամեն կերպ փորձում է տունը տաք պահել, որ երեխաները չմերսեն ու չհիվանդանան։ Թեև նախորդ՝ մարտի 8-ի անջատումից հետո դա անխուսափելի էր, ասում է, որ փոքրիկները նոր-նոր են առողջացել, իսկ տան սենյակներում 20 աստիճանից պակաս ջերմություն է։

Թեև ապրում են առանձնատանը, ոչ թե բազմաբնակարան շենքում, սակայն փայտի վառարան չունեն, ամռանը չէին մտածել, թե գազ խնդիր կլինի. - «Այս ամառ ուրեմն պիտի նախապատրաստենք այդ խնդիրը, որ էս խնդիրների առաջ չկանգնենք։ Կուտակած փայտ չունենք այս պահին, որպեսզի վառարան վառենք»։

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարությամբ Ադբեջանի տեղադրած փականն անվանում են «մանր վրեժխնդրության» գործիք ու նշում. - «Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց երեք օրից պակաս։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումի, Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է»։

Պաշտպանները դատապարտում են տեղի ունեցածը և կոչ անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա։

XS
SM
MD
LG