Մատչելիության հղումներ

Նոր Հանդի արոտավայրերը, եկեղեցին ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության տակ են հայտնվել․ ՄԻՊ


Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են, հայտնում է մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ վկայակոչելով Սյունիքի Ներքին Հանդում կատարված հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Պաշտպանի խոսքով՝ բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները՝ հայտնում է Գրիգորյանը՝ շեշտելով՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարություն։

Օրեր առաջ Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները հինգ նոր վրաններ են խփել ու ամրացել Ներքին Հանդի վարչական տարածքում։ «Գյուղի վարչական տարածքն են մտել, 800-900 մետր իրենց դիրքից իջել են մեր տարածք: Հինգ հատ վրան կա, մեկ էլ խրամատներ են փորում», - ասել էր նա:

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից կտրականապես հերքել էին ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը՝ պարզաբանելով՝ այդ հատվածը գտնվում է Ադրբեջանի վերահսկղության տակ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր, որոնք կահավորված չլինելու պատճառով ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէր օգտագործել։ «Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող», - հայտարարել է ռազմական գերատեսչությունը։

XS
SM
MD
LG