Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր երկու գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։
Արարատ Միրզոյանը, ըստ հայկական արտաքին քաղաքական գերատեսչության, ռուս գործընկերոջը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Ռուսաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովը Միրզոյանի ու Բայրամովի հետ հեռախոսազրույցներում անդրադարձել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Միրզոյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում, ըստ Հայաստանի արտգործնախարարության, ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը»։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։
Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ինչպես նաև միջազգային հարթակներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության բարձր մակարդակը:
Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել է նաև մարտի 22-ին նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած Դաշնակցային փոխգործողության մասին հռչակագրի դրույթների կյանքի կոչման և երկկողմ հարաբերությունների այլ հարցերի լայն սպեկտր, ինչպես նաև «ժամացույցներ ճշտում» է տեղի ունեցել «3+3» Տարածաշրջանային խորհրդակցական պլատֆորմի հետագա աշխատանքի շուրջ։ Լավրովը և Բայրամովն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ իրավիճակին: