Մատչելիության հղումներ

Կապան -Ճակատեն նոր ճանապարհի հողային աշխատանքը 90 տոկոսով ավարտված է. նախարար


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան

Մինչդեռ տարածաշրջանի բնակիչները, համայնքների ղեկավարները շեշտում են՝ այս կողմերում անվտանգ ճանապարհ արդեն հնարավոր չէ պատկերացնել։

Կապան -Ճակատեն նոր ճանապարհի հողային աշխատանքը 90 տոկոսով ավարտված է։ Եղանակները բարելավվեն կանցնենք ասֆալտապատմանը, տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Ամենաառաջնային ճանապարհներից մեկը, որ կասֆալտապատվենք, դա կլինի», - հավաստիացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը նույնպես հաստատում է, որ շուտով կավարտեն՝ հավելելով, որ մարդիկ էլ արդեն օգտվում են նոր ճանապարհից։

Կապանից դեպի Ճակատեն ու ևս 5 գյուղեր նոր ճանապարհի անհրաժեշտությունն առաջացավ նախորդ տարվա նոյեմբերից, երբ մի գիշերում Կապանից Ճակատեն տանող ճանապարհը փակվեց, ադրբեջանցիները մաքսակետ տեղադրեցին։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտի, Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն նոր հատվածը մոտ 7,5 կմ է։ Արժեքը՝ մոտ 1,5 միլիարդ դրամ։

Արման Թաթոյան
Արման Թաթոյան

«Անընդունելի է, այս ճանապարհի շինարարությունը պետք է կասեցվի», - ահազանգում է նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։ Նոր ճանապարհը, ըստ նրա, նույնպես ադրբեջանցիների դիտարկման տակ է։ Թաթոյանը սոցցանցի իր էջում նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է արդեն փակված ճանապարհին զուգահեռ կառուցվող նորը։

«Վեց գյուղ տանող հիմնական ճանապարհն է մեր։ Այլ կապող ճանապարհ չկա, մնացածը Մեղրիով է լինելու, կամ էլ անտառների միջով։ Ես չհասկացա։ Իմաստը ո՞րն ա, հենա հիմա էլի մարդիկ գնում են էդ ճանապարհով։ Այո, երկու տարբերակ է առաջարկել Կապան համայնքը, կառավարությունը որևէ մեկը չի ընդունել», - «Ազատությանն» ասաց Թաթոյանը։

Գևորգ Փարսյան
Գևորգ Փարսյան

Կապանի համայնքանպետ Գևորգ Փարսյանից գրավոր պատասխան ենք ստացել՝ այո, նախորդ տարեսկզբից տարածքային կառավարման նախարարության և ուժային կառույցների հետ քննարկել են այլընտրանքնային ճանապարհի տարբերակներ. - «Քննարկումների արդյունքում ներկայացվել է բնականաբար առավել անվտանգ և անխոցելի այլընտրանքային ճանապարհի տարբերակը։ Եվ քանի որ մեր կողմից առաջարկած ճանապարհը պետք է ունենար նաև ռազմավարական նշանակություն, նպատակահարմար չենք գտնում հրապարակային ներկայացնել, թե որ հատվածներով պետք է անցներ այդ ճանապարհը»։

Ինչո՞ւ է մերժվել անվտանգ ճանապարհի առաջարկը, հարցնում է Արման Թաթոյանը. - «Իմ կարծիքով, որ չգործադրել լրացուցիչ ջանքեր»։
Ճանապարհային դեպարտամենտից արձագանք խնդրեցինք, ասացին, թե Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի մի քանի տարբերակ է քննարկվել։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ իրականացման տեսանկյունից առավել իրատեսական և արագ կառուցվող է համարվել ներկայումս կառուցվող ծրագիրը։

Երբ Կապան-Ճակատեն արդեն հին ճանապարհը փակվեց, Կապան խոշորացված համայնքի կազմում գտնվող վեց գյուղեր՝ Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Շիշկերտ, Ծավ, Ներքին Հանդ, պարզապես կտրվեցին Կապանից։ Այդ ժամաան կառավարությանն ուղղվեց գլխավոր հարցը՝ ինչո՞ւ այլընտրանքայինի մասին ավելի վաղ չէին մտածել։
Թե ինչ առաջարկ է ներկայացրել Կապանի համայնքապետարանը, պարզ չէ։ Դեպարտամենտի արձագանքից ենթադրվում է, որ դա ծախսատար ու ժամանակ պահանջող տարբերակ է եղել։

Ադրբեջանի հետ կիլոմետրերով սահման ունեցող Սյունիքում ծախսատար, ժամանակատար, բայց անվտանգության առումով անխոցելի ճանապարհի նոր ծրագրի մասին խոսք չկա։

Կապանի գործկոմի նախագահ ու շրջկոմի առաջին քարտուղար աշխատած Կարեն Մկրտչյանն ասում է՝ ճանապարհ Կապանից դեպի այդ գյուղեր ադրբեջանցիների աչքից հեռու հնարավոր է. - «Հնարավոր կլինի, բայց էդ ճանապարհը շատ բարդ, երկարատև ժամանակ է պահանջում, որ կառուցվի»։

«Իմ մեքենայով հանգիստ գնում եմ-գալիս, բայց զենքն էլ մեջը տանում եմ-բերում»

Տարածաշրջանի բնակիչները, համայնքների ղեկավարները շեշտում են՝ այս կողմերում անվտանգ ճանապարհ արդեն հնարավոր չէ պատկերացնել։ Միայն թունելը կփրկի, ասում է Ճակատեն համայնքի ղեկավար Արա Հարությունյանը. - «Թունել պտի սարքեն, գետնի տակով որ գնանք, որ դիտարկման ենթակա չլինի։ Լյուբոյ տեղով գնանք, էլի դիտարկման տակ ա»։
Իսկ Ծավ համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը հիշեցնում է՝ Կապանն ինքն ադրբեջանական տեսադաշտում է, օդանավակայանից մետրերի վրա են. - «Կապան քաղաքը իրենց անմիջապես նշանառության տակ ա։ Ճանապարհն ի՞նչ ա, որ չդիտարկվի, իհարկե դիտարկվում ա»։

Շիկահողցի Սամվել Աղաբեկյանը Կապան-Ճակատեն արդեն ադրբեջանական դարձած ճանապարհի շինարարությանն է մասնակցել 60-ականներին։ Ասում է՝ նորն էլ, հինն էլ ապահով չեն։ Այս հունվարից արդեն նոր ճանապարհով է Կապան գնում-գալիս... զենքով. - «Ոչ մի միջադեպ չի եղել, իմ սեփական մեքենայով հանգիստ գնում եմ-գալիս, բայց զենքն էլ մեջը տանում եմ-բերում»։

Մարտական զենք 72-ամյա շիկահողցին գնել է վերջին պատերազմից հետո, երբ միակ կովի համար արոտավայր չմնաց։ Կովը վաճառեց, զենք գնեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG