Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների կառուցումը պետք է ավարտվի 2022 թվականին


Սյունիքի մարզում Գորիս - Կապան - Ճակատեն ճանապարհի որոշ հատվածների Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո այլընտրանքային ճանապարհների կառուցումը այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանեց չպլանավորված աշխատանք, որ այժմ իրականացվում է և ըստ նախատեսված ծրագրի պետք է ավարտվի 2022 թվականին։

«Փաստացի մենք ունենք յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք։ Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված է, բավական ժամանակ երթևեկելի է, նորմալ է։ Եվ նշել ենք այդ մասին, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում։ Հիմա երկու շերտն է տեղադրված, գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, երրորդ շերտը կտեղադրվի», - զեկուցեց Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով, Տաթև-Աղվանի ճանապարհը արդեն գրեթե պատրաստ է, շինարարարությունն այստեղ մեկնարկել էր ամիսներ առաջ։ Սակայն ոչ նախարարը, ոչ վարչապետը չհստակեցրին՝ եթե հայտնի էր, որ Տաթև-Աղվանի ճանապարհի կարիքը լինելու էր, այսինքն որևէ պահից Հայաստանը դադարելու էր օգտվել Գորիս - Կապան մայրուղուց, ինչո՞ւ չէին պլանավորել նաև համայքների՝ Որոտանի, Շուռնուխի և Բարձավանի, ապա նաև ավելի հարավ գտնվող Ճակատենի և ևս 5 համայքների այլընտրանքային ճանապարհների կառուցումը։

Գնել Սանոսյան
Գնել Սանոսյան

«Մյուս վեց հատվածներում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան։ Այդ վեց հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որ ինն ու կես կիլոմետր է։ Ճանապարհի մի մասը՝ 3,5-4 կիլոմետրը արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքները իրականացվել են, և մյուս հատվածներում շարունակվում են»։

Հաջորդ՝ Տանձավեր-Շուռնուխ 13 կիլոմետրանոց ճանապարհը ևս կառուցվում է, այն պետք է անցնի անտառով, ինչի պատաճռով աշխատանքներն ավելի բարդ են։

Պատաստ է Որոտան-Խոտ ճանապարհի 10 կիլոմետրից 5-ը, շարունակությունը կառուցվում է։ Սանոսյանը տեղեկացրեց, որ շարունակում են կառուցել նաև Տաթև - Լծեն ճանապարհը։

«Եվ երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան - Ճակատեն և Կապան - Գեղանուշ - Ճակատեն։ Օրեր առաջ սկսվել էր Գեղանուշ - Ճակատեն հատվածի շինանարությունը, երեկվանից սկսել ենք նաև խճապատման աշխատանքները, որոշակի թեքություններ կան։ Եվ երկու-երեք օրվա ընթացքում խճապատման աշխատանքները կավարտենք, ճանապարհը ավելի հեշտ ու անցանելի կլինի», - տեղեկացրեց նախարարը։

Կապան-Ճակատեն մայրուղու մի հատվածի վրա ադբեջանական մաքսակետի տեղադրումից հետո Ճակատենից Կապան մարդիկ 15 րոպեի փոխարեն հասնում են գրեթե 3 ժամում՝ երթևեկելով Մեղրիի ճանապարհով։ Սակայն Ճակատենը և հարակից 5 համայքները բազմաթիվ թելերով կապված են Կապանին, շատերն անգամ ամեն օր գնում էին Կապան աշխատանքի, վերադառնում տուն։

Ըստ նախարարի, Կապան-Ճակատեն նոր ճանապարհը կձգվի հին ճանապարհին գրեթե զուգահեռ. - «Ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնել, երբ որ ավարտական տեսքի բերենք»։

Կապանին շատ մոտ գտնվող, բայց այնտեղ, ասենք, դեղատուն գնալու համար գնալու համար 150 կիլոմետր ճանապարհ անցնող ճակատենցիներին կարելի է՞ համարել շրջափակման մեջ մնացածներ, թե՞ ոչ։ Կառավարության նիստին վարչապետը հարց բարձրացրեց՝ ունե՞նք գյուղեր, որ մնացել են շրջափակման մեջ։ Հաջորդեց պատասխանը՝ չունենք։

«Բայց ըստ էության մենք արձանագրում ենք, որ չկա բնակավայր, որտեղ կենսապահովման կամ ընդհանրապես կտրված լինի կամ շրջափակման մեջ լինի», - ասաց Փաշինյանը։

«Այո, չկա, - հաստատեց Սանոսյանը։ - Ե'վ Որոտանը, և' Շուռնուխը, և' Բարձրավանը, բոլորը ճանապարհներ ունեն։ Գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որը առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում, երբ որ Գեղանուշ - Ճակատեն ճանապարհահատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնա»։

«Ազատությունը» մի քանի օր առաջ նկարահանել է Բարձրավանի ճանապարհը, որը մեղմ ասած դժվարանցանելի է նույնիսկ ամենագնաց մեքենաների համար։ Հենց սա է նախարարի նշած ճանապարհը։

Համայնքի ղեկավարը «Ազատության» հետ հեռախոսազրույցում այսօր ասաց, որ մեր նկարհանումից հետո աշխատանքները մի փոքր առաջ են գնացել, բայց առայժմ ամեն մեքենա չի կարող հասնել գյուղ. - «Ուղղակի ժամանակն ա կարճ, որ մինչև ձյունը դնելը գոնե կարողանանք խճապատման աշխատանքները վերջացնենք»։

Մոտ 8,5 կիլոմետր ձգվող, առայժմ մասամբ խճապատված ճանապարհով Բարձավանի դպրոցի՝ Կապանից եկող մի քանի ուսուցիչները առայժմ աշխատանքի չեն գալիս, տեղեկացրեց Օնիկ Ավագյանը։

Ըստ վարչապետի և Տարածքային կառավարման նախարարի, այս բոլորը ճանապարհները ամբողջովին պետք է պատրաստ լինեն 2022 թվականին։ Թե մասնավորապես որ ամսին՝ արդեն կախված է եղանակային պայմաններից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG