Մատչելիության հղումներ

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում. ԱԽ 


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վիճահարույց հատվածում ադրբեջանական կողմը մաքսակետ է տեղադրել: Այս մասին երեկ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնեց, այսօր արդեն այս ճանապարհով Ճակատեն գնալ մեր նկարահանող թիմին չհաջողվեց:

Ճանապարհին հսկողություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահները, նրանք ասացին, թե աշխատանքներ են իրականցվում այդ հատվածում՝ առանց այլ մանրամասների:

Ճակատեն ու հարևան մյուս հինգ գյուղեր հասնելու համար հիմա մարդիկ ստիպված են մի քանի անգամ ավելի շատ ժամանակ ծախսել: Այնտեղ հասնելու համար, նախ, պետք է Մեղրի գնալ: Դեռ օրեր առաջ գյուղի խանութպանն «Ազատության» հետ զրույցում մտահոգվել էր, թե Գորիս-Կապան ճանապարհի օրինակով այս մեկն էլ կփակվի:

«Մինչև Նախիջևանի ճամփան չտանք, իրանք Մեղրիով գնան Նախիջևան գան ազատ, էս ճամփին ամեն օր մի խնդիր լինելու ա, իմ կարծիքն ա էդ, ուրիշ բան չունեմ ասելու», - նշել է նա:

«Ազատության» հարցին՝ մտահոգություն չունե՞ն, որ Գորիս-Կապանի օրինակով կարող են նաև այդ ճանապարհահատվածը փակել, խանութպանը պատասխանել է. «Հնարավոր է, թուրքի մտքին ինչ ասես կարող է լինել, մեկ էլ տեսար փակեցին, ի՞նչ պիտի անես, ոչ մի բան»:

Մինչ այդ իշխանությունները հավաստիացնում են՝ Կապան-Ճակատեն-ին այլընտրանք ճանապարհ են կառուցում, որը պատրաստ կլինի առաջիկայում, հստակ ժամկետներ, սակայն, չեն նշում:

Ճակատեն գյուղի բնակիչները «Ազատությանը» ավելի ասել էին, որ 10 կմ-ի փոխարեն փակ ճանապարհի պատճառով, ստիպված կլինեն ավելի քան 10 անգամ ավելի երկար ճանապարհ անցնել:

Անվտանգության խորհուրդը այսօր տարածած հաղորդագրությամբ հայտարարում է, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:

Չորս օր առաջ էլ ադրբեջանական կողմը մաքսակետեր էր դրել Գորիս-Կապան ճանապարհի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, ինչի հետևանքով մի քանի գյուղ փաստացի շրջափակման մեջ են մնացել: Մասնավորապես՝ Բարձրավանը, գյուղ տանող այլընտրանքային ճանապարհը դեռ նոր է կառուցվում:

XS
SM
MD
LG