Բախում, հրմշտոց, տասնյակ բերման ենթարկվածներ, կառավարության շենք մտնելու փորձ։
Այսօր առավոտից ընդդիմադիր մի քանի պատգամավորներ աջակիցների հետ բողոքի ցույցի էին դուրս եկել. պատճառը Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից մաքսակետ տեղադրելու հայտարարությունն է: Հարցեր ունեին վարչապետին, բայց անգամ պատգամավորական մանդատը չօգնեց նրանց ճեղքել ոստիկանական պատը:
«Պատգամավոր եմ, իրավունք ունեմ ներս մտնել», - ասում էր պատգամավորներից Գեղամ Մանուկյանը, իսկ Աննա Գրիգորյանը` հավելում. «Գիտեք` մենք ինչը չենք կարողանում անցնել, Գորիս-Կապանը չենք կարող այլևս անցնել: Այսօր առավոտվանից` ժամը 10-ից, պարզվում է, որ ուժեղացված ծառայություն է գործում կառավարության գործում:
Պատճառը հավանաբար այն է, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են, ամբողջությամբ հանձնել են»:
«Հայաստան» խմբակցության պատգամավորի պնդմամբ՝ Հայաստանը հերթական անգամ զիջում է իր ինքնիշխանությունը Ադրբեջանին։ Հիշեցրեց՝ երկու ամիս է` Ազգային ժողովում բարձրաձայնում է, որ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մերձակայքում, սակայն չի ստացել իր հարցի պատասխանը՝ ինչ են կառուցում, չի՞ վնասի արդյոք դա ՀՀ ինքնիշխանությանն ու հայաստանցիների անվտանգությանը։
«Հիմա, երբ դու մաքսակետ ես դնում, նշանակում է` դու ընդունում ես, որ դա է քո սահմանը: Պատկերացրեք` Գորիսից դեպի Որոտան գնացող ուսուցիչը, որ ամեն առավոտ գնում է Որոտանում դաս տալու, այդ ուսուցիչը ինչպե՞ս պետք է գնա դասավանդելու», - հարցրեց պատգամավորը:
Աննա Գրիգորյանի պնդմամբ՝ վտանգի տակ է նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։ Պատգամավորն ակնարկում է ինչ-որ միջադեպի մասին, բայց փակագծեր չի բացում: Մինչ այս Սյունիքի բնակիչներից մեկը հայտարարել էր, թե վաղ առավոտյան ճանապարհվել է դեպի տուն՝ Ճակատեն, բայց Ռազմական ոստիկանության աշխատակիցները արգելել են տեղաշարժը՝ նշելով, որ ճանապարհը փակ է։
«Որտեղ այսօր կանգնած են ադրբեջանցիները, և անհասկանալի նաև իրադարձություն է տեղի ունեցել գիշերը 12-ից հետո: Ավելի մանրամասն որևէ բան չեմ կարող ասել, որովհետև հստակ ինֆորմացիա չունեմ, բայց գիտեմ, որ անհանգիստ իրավիճակ էր նաև այնտեղ», - պատմեց պատգամավորը:
Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատահական չի համարում, որ իշխանությունները երեկ նախ հայտարարեցին, թե ավարտել են Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը, ապա Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, Մանուկյանի ձևակերպմամբ, հիմնական ճանապարհից հրաժարվելու մասին։
«Ամեն օր իշխանություն մնալով` սանտիմետր առ սանտիմետր, մետր առ մետր, հեկտար առ հեկտար տալու են թշնամուն», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
Ավելի կոշտ էին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի շեշտադրումները։ Հերթական անգամ մեղադրելով Փաշինյանին դավաճանության մեջ՝ պատգամավորը հաշվետվություն պահանջեց վարչապետից. «Ու մինչև չկարողանանք քեզ հեռացնել, մեր երկիրը նորմալ չի ապրելու»:
ԱԺ-ում հրատապ քննարկմանը իշխանականները չմասնակցեցին
Կառավարության մոտ մի քանի ժամ շարունակված ցույցից ու իրենց հարցերի պատասխանները չստանալուց հետո ընդդիմադիրները հրատապ նիստ հրավիրեցին խորհրդարանում՝ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում։ Ակնկալում էին, որ գոնե այստեղ իշխանության ներկայացուցիչները կպարզաբանեն՝ ինչպես, ինչ պայմաններում հայկական կողմը զիջեց այդ խնդրահարույց ճանապարհը կամ համաձայնեց, որ Բաքուն այնտեղ անցակետ տեղադրի։
Ընդդիմադիրները ամենից հաճախ հիշատակում էին այսօր ավելի վաղ՝ կառավարության նիստում վարչապետի հնչեցրած հայտարարությունը, թե ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի տարածքում։ Իրավական ի՞նչ հիմքով է վարչապետն այսպիսի հայտարարություն արել, եթե երկու երկրների միջև սահմանազատման, սահմանագծման բանակցություններ անգամ չեն սկսվել, հարցնում էին նրանք։
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն այս զարգացումներն իրավական տեսանկյունից անհեթեթ որակեց. «Ես նույնիսկ արդեն հիմա դժվարանում եմ ասել` արդյոք Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրություն ունի, թե ոչ, իսկապես արդեն դժվարանում եմ դա ասել: Եթե Սահմանադրություն ունի, ՀՀ տարածքի նույնիսկ 1 մետրը չի կարող փոփոխվել առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կարծիքի: Սահմանադրությունն ուղղակիորեն է ասում, որ տարածքի փոփոխությունը կարող է իրականացվել բացառապես հանրաքվեի միջոցով»:
Փաստելով, որ խոսքը Իրանը Հայաստանին կապող ռազմավարական ճանապարհի մասին է, որով տարեկան, ըստ մոտավոր հաշվարկների, 40-45 հազար բեռնատար է անցնում, ընդդիմադիրները հարց էին բարձրացնում՝ որքանո՞վ է այլընտրանքային ճանապարհը հարմար ու անվտանգ այդ ծավալների բեռնափոխադրումների համար։
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն այս հարցում կասկածներ ունի. «Էքստրիմալ ճանապարհ է, ես, օրինակ, այնտեղ գնում էի ջիպինգի (jeeping), որովհետև դա ադրենալին էր բարձրացնում, և ես չեմ պատկերացնում` վարորդներն ինչպես պետք է այդ բարձր ադրենալինային ճանապարհով ֆուռերը, ապրանքները բերեն ՀՀ»:
Խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերի այս և մյուս բոլոր հարցերն ու մտահոգություններն անպատասխան մնացին։ Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ պատգամավոր հրատապ նիստին չէր ներկայացել։