Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորի համար անհասկանալի է, թե իշխանությունն ինչ հիմքով է հայտարարում, որ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական է


Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ի՞նչ հիմքով են իշխանությունները մի քանի ամիս առաջ վիճարկելի համարվող Գորիս-Կապան ճանապարհն այսօր հայտարարում ադրբեջանական տարածք։

Պատգամավորի պնդմամբ, կա առանձին հուշագիր, որի հիմքով միջպետական ճանապարհ Գորիս-Կապանը, ինչպես նաև Կապան-Ճակատեն միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ հանձնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։

Գրիգորյանն հարց է բարձրացնում՝ ո՞ր քարտեզներն են իշխանությունները հիմք ընդունել՝ այդ հատվածներն ադրբեջանական վերահսկողության ներքո հանձնելու համար։

Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Տիկին Գրիգորյան, Դուք նոր եք վերադարձել Սյունիքից, ինչպե՞ս է այնտեղ իրավիճակը։ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը օրեր շարունակ փակ մնալուց հետո վերջապես բացվել է, բայց մարդիկ մտահոգված են, որ նման դեպքերը կարող են կրկնվել, և սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը երաշխավորված չէ, ի՞նչ կարող եք ասել։

Աննա Գրիգորյան․ - Այո՛, ցավալիորեն, երկու օր շարունակ միջպետական ճանապարհը, որ դեպի Իրան էր տանում, փաստացի փակված էր ադրբեջանցիների կողմից, և, ցավալիորեն, իշխանությունները նույնիսկ ասում էին, որ կանխատեսել էին, որ կարող են նմամ զարգացումներ տեղի ունենալ, ինչն, իհարկե, աբսուրդ է, նոնսենս է։

Ես կուզենայի նաև մի փոքր բացել, թե առհասարակ ինչպես է այս իրավիճակն առաջացել և ինչու են ադրբեջանցիները փորձել փակել ճանապարհը․ իհարկե տարբեր պատրվակներ կան, բայց ես շատ ավելի խորքից եմ ուզում գալ․ Դուք գիտեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետում հստակ ամրագրվում էր, որ հայկական և ադրբեջանական կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ տեղակայված են այդ պահին։ Այդ ժամանակ մենք բավականին առաջ էինք գտնվում և Սյունիքի անվտանգությունը հնարավոր էր լիարժեք ապահովել, ինչպես նաև միջպետական ճանապարհը գտնվում էր ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո և դա այդպես էր մինչև դեկտեմբերի 17-ը, երբ հրաման եղավ, որ մենք պետք է անհապաղ մեր զորքերը հետ քաշենք, մինչդեռ մենք, հատկապես համայնքապետերի գործուն ջանքերի արդյունքում, նոր բնագծեր էինք ձևավորել, ամրացել էինք և, հետևաբար, կարողանում էինք մեր անվտանգությունն ապահովել, ինչպես նաև սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգությունը։ Եվ խախտելով փաստացի կերպով նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը՝ մենք հանձնել ենք թշնամիներին այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կովսականի և Սանասարի հատվածները։ Վարչապետն ասում էր, որ դա արել է բանավոր փոխըմբռնման հիման ներքո։ Ես ուզում եմ սա հատուկ ընդգծել, որովհետև սահմանների փոփոխությունը և ճանապարհների՝ թշնամու վերահսկողության տալը, չի կարող ուղղակի բանավոր փոխըմբռնման հիմքով տեղի ունենալ, սա ուղղակի աբսուրդ է։

Հետագայում, իհարկե, պարզ եղավ, որ կա առանձին հուշագիր, որի հիմքով միջպետական ճանապարհ Գորիս-Կապանը, ինչպես նաև Կապան-Ճակատեն միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ հանձնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, և սա շատ մտահոգիչ է։

Մենք հիմա գիտենք, որ երկու օր շարունակ փակ է եղել Գորիս-Կապան ճանապարհը, բայց ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ նաև Կապան-Ճակատեն ճանապարհն է փակ եղել, սա միջհամայնքային ճանապարհ է։ Իհարկե ընդամենը երկու ժամով էին փակել ադրբեջանցիները և հետո արագ ռուս սահմանապահների միջնորդությամբ բացվեց, բայց, ուզում եմ հիշեցնել, որ եթե Կապան-Գորիս ճանապարհի համար մենք ունենք այլընտրանք՝ Տաթև-Աղվանի ճանապարհը, որն իհարկե շատ վատ վիճակում է այս պահին գտնվում, բայց Կապան-Ճակատենի համար առհասարակ այլընտրանքային ճանապարհ չկա, և եթե այդ ճանապարհը փակվում է, փաստացի կերպով մի շարք գյուղեր մնում են ամբողջությամբ բլոկադայի ներքո, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Կապան-Գորիս ճանապարհի փակման ժամանակ․ Շուռնուխը, Որոտանը, Բարձրավանը, Նոր Առաջաձորը, ինչպես նաև Դավիթ Բեկը փաստացի կերպով մնացել էին շրջափակման մեջ, մարդիկ չգիտեին՝ ինչ անեին, և ես չեմ ասում նաև այն մարդկանց մասին, ովքեր ճանապարհը փակելիս անակնկալի էին եկել, չէին իմանում՝ ինչ է կատարվում և միայն ռուս սահմանապահների միջնորդությամբ կարողացան նրանց դուրս բերել՝ բավականին ուշ ժամին։

Ինձ համար պարզապես անհասկանալի է, թե ինչու գործող իշխանությունը, այս ճանապարհը, որ իրենք համարում էին դեռևս վիճարկելի մի քանի ամիսներ առաջ, այսօր հայտարարում են, որ պարզապես ադրբեջանական տարածք է։ Այդ ի՞նչ հիմքով եք հայտարարում, որ ադրբեջանական տարածք է։ Ի վերջո, եթե մենք ասում ենք, որ դեմարկացիա և դելիմիտացիա պետք է տեղի ունենա, դրա համար պետք է ստեղծվեր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր սահմանների ճշգրտմամբ, այսօր առանց հանձնաժողովի ստեղծման, առանց դելիմիտացիայի, դեմարկացիայի իրականացման, գործող իշխանությունները պարզապես հայտարարում են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին։ Ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվել։ Առհասարակ արդեն 30 տարի է, որ չկա Խորհրդային Միությունը, մենք էլ Խորհրդային Հայաստանում չէ որ ապրում ենք, հետևաբար ի՞նչ քարտեզ է հիմք վերցվել։ Եթե Խորհրդային Միության քարտեզներն են, ապա մի քանի քարտեզներ կան և, հետևաբար, ո՞ր քարտեզին հղում անելով է, որ գործող իշխանությունները հայտարարում են, որ այդ տարածքն ընդհանրապես պատկանում է Ադրբեջանին։ Սրանք շատ լուրջ հակապետական հայտարարություններ են, որոնք առհասարակ չպետք է արվեին այս իշխանությունների կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG