Մատչելիության հղումներ

Որոշ մաքսատուրքերի զրոյացումը էական ազդեցություն կունենա ապրանքների գների իջեցման վրա. նախարար


Շատ անհանգստացած ենք գնաճային տենդենցներով, բայց պետք է հաշվի առնել, որ սա համաշխարհային երևույթ է, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա ներկայացրեց մի քանի քայլեր, որոնց օգնությամբ կարող են տարբեր ապրանքների գները նվազեցվել:

Բացի այդ, նախարարը նշեց, թե ինչ քայլեր են արվում, որպեսզի վարձով տան տների գները, որոնք վերջին ժամանակահատվածում բարձրացել են, իջնեն:

Ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Քերոբյանը` էկոնոմիկայի նախարարությունում կրճատումների մասին

Կառավարությունը հիմա իրագործում է նոր ծրագիրը, որը բխել է 2021թ. ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրից, որը որակով և ժամանակին իրագործելու համար կառուցվածքային փոփոխություն է տեղի ունենում, որ նախարարության կառուցվածքը հարմարեցվի այդ ծրագրին, ասաց Վահան Քերոբյանը` անդրադառնալով նախարարությունում կրճատումների մասին լուրերին: Որպես օրինակ նա նշեց, որ ստեղծվելու են գիտելիքահեն տնտեսության, առևտրի և ինտեգրման վարչություններ:

«Վերակառուցման ընթացքում այն բոլոր վարչությունները, որտեղ կանոնադրություն կամ գործառույթ է փոխվում, պետք է հաստատվեն այն մարդիկ, ովքեր զբաղեցնում են իրենց պաշտոնները կամ նոր պաշտոններ», - ասաց նա` հավելելով, որ ներքին մրցույթ գաղափարը իր ղեկավարած գերատեսչությունում բացառված է, և երբ դրսից ավելի լավ մասնակից է լինում, նախապատվությունը տալիս են ավելի ուժեղ մասնակցին:

«Միգրացիոն բալանսն այս տարի դրական է»

Հարցին` վերջին մի ամսում քանի՞ ընկերություններ ու ՏՏ ոլորտի մասնագետներ են եկել Հայաստան, նախարարը պատասխանեց. «Տարվա այս ժամանակահատվածում միգրացիոն բալանսն այստեղ բացասական էր` եկողներն ավելի քիչ էին, քան գնացողները: Այս տարի դրական բալանս կա` 50 հազարի չափով, միգուցե ավելի շուտ, որոնց կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են, կեսը` ՀՀ քաղաքացիներ: Դա մենք համարում ենք վերջին իրադարձությունների արդյունք:

Մոտ 50 հազար մարդու մասին է խոսքը: Ընկերությունները չենք հաշվում: Մեր հիմնական առաքելությունը տեսնում ենք մարդասիրական, որ ովքեր տեղափոխվում են Հայաստան, իրենց առջև կանգնած խնդիրները լուծենք»:

«Գները շատ են աճել, և դա մեզ անհանգստացնում է»

Օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչ-որ աշխատանքներ տանում են վերջին ժամանակահատվածում վարձով տների գների աճը բարձրացնելու հետ կապված: Էկոնոմիկայի նախարարը նախ նշեց, որ կառուցապատող ընկերությունների հետ են աշխատում, որոնք շահագործման հանձնված շենքերում դատար բնակարաններ ունեն, օրինակ` սեփականատերերին են զանգահարում, հասկանում են, թե ինչպես կարող են վերցնել վարձակալության տակ, աշխատում են անշարժ գույքի գործակալությունների հետ, որպեսզի առաջարկ լցնեն շուկա, և առաջարկի աճի պայմաններում կարողանան գցել գինը:

«Գները շատ են աճել, և դա մեզ անհանգստացնում է: Գների կառավարման առումով մենք մեր գործողությունները տեսնում ենք խորհրդատվական ոլորտում», - նկատեց նա:

«Շատ անհանգստացած ենք գնաճային տենդենցներով​»

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստում մի քանի որոշումներ են կայացվել, տեղեկացրեց նախարարը` հավելելով, որ դրանցից մեկի, որ ուժի մեջ կմտնի, կսահմանի, որ լայն տեսակի ապրանքների մաքսատուրքերը կզրոյացվեն: «Սա էական ազդեցություն է ունենալու ապրանքների ինքնարժեքի վրա, այսինքն` մաքսատուրքի չափով, և մի քիչ ավելի շատ գները իջնելու են, նաև ուտելիքի մեծ կատոգերիա կա, կարծում եմ` դա էական ու միանգամից ազդեցություն կունենա ապրանքների վրա», - ասաց նա:

Նաև հավելեց, որ աշխատանքներ են տարվում, որ մի քանի տեսակի մսերի, շաքարավազի ու բրնձի ավելի լավ ներմուծման միջավայր լինի, որը գների իջեցման կհանգեցնի:

«Շատ անհանգստացած ենք գնաճային տենդենցներով, բայց պետք է հաշվի առնել, որ սա համաշխարհային երևույթ է», - շեշտեց նախարարը` ավելացնելով, որ գնաճային նոր պարույր է այս տարի, որը ազդեցություն կունենա նաև գյուղատնտեսական ապրանքների վրա:

Այս պահին պարենի բավական պաշար կա

Վահան Քերոբյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ անում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով պարենի խնդիր չառաջանա, իսկ այս պահին բավականին պաշար ունենք:

Նա նաև կարծում է, որ այն, որ ռուսական շուկան ազատվել է բազմաթիվ արևմտյան ապրանքներից, թույլ է տալիս, որ հայկական արտադրողներն ընդլայնեն իրենց շուկայի չափաբաժինը: «Ծավալները կավելանան, բայց եկամտաբերությունը կընկնի»:

XS
SM
MD
LG