Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 տոկոս:
Այս փետրվարին և՛ 12-ամսյա, և՛ բնականոն գնաճերը ԿԲ կանխատեսումներին համահունչ նվազել են և կազմել համապատասխանաբար 6.5 տոկոս և 6.4 տոկոս, նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Հայաստանի գլխավոր դրամատունը նշում է, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ:
«Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին: Ամբողջական պահանջարկը իր վրա կկրի դրամական փոխանցումների նվազման և արտաքին պահանջարկի թուլացման ազդեցությունները: Զբոսաշրջության ոլորտից սպասվում է դրական նպաստում: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը և բարձր անորոշությունը հանգեցրել է ՀՀ ֆինանսական շուկաներում տատանողականության աճի և ռիսկի հավելավճարի մեծացման: Առկա անորոշություններն արտահայտվել են նաև գնաճի և գնաճային սպասումների վարքագծում:
Ստեղծված իրավիճակում Խորհուրդը նպատակահարմար է գտնում համեմատաբար մեծ քայլով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը», - նշում է ԿԲ-ն` հավելելով, որ խորհուրդը գնահատում է, որ տնտեսական հեռանկարի հետ կապված անորոշության և գնաճային սպասումների ավելացման ռիսկերի պահպանման դեպքում առաջիկայում ևս կդիտարկի դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտությունը։
«Քաղաքականության նման գործողությունների արդյունքում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին», - հավաստիացնում է Կենտրոնական բանկը:
Ուկրաինայի վրա հարձակման` պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նորանոր փաթեթներ են ընդունվում:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը։ Եվրոպական միությունը երեկ հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը: Լրացուցիչ սանկցիաներ են ծրագրվում ռուսական բանկերի, մետալուրգիայի և էներգետիկայի նկատմամբ։