Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն Հայաստանի տնտեսության աճը, կհարվածեն դրա ճյուղերին. ԿԲ նախագահ


Տոտալ անոշորության մեջ ենք, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումն ու բարձր անորոշությունը հանգեցրել են ՀՀ ֆինանսական շուկաներում տատանողականության աճի և ռիսկի հավելավճարի մեծացման: Առկա անորոշություններն արտահայտվել են նաև գնաճի և գնաճային սպասումների վարքագծում», - ասաց նա:

Գլխավոր դրամատունը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներից հետո հայտնում է՝ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ օրեցօր խստացվող սանկցիաների պատճառով Հայաստանի արդյունաբերությունն անկում է ապրելու։ Հայաստանի տնտեսության վրա աշխարհաքաղաքական զարգացումների հնարավոր բացասական հետևանքները հաշվի առնելով՝ Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5.3 տոկոսի փոխարեն ընդամենը 1.6 տոկոս։

«Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի մինուս 4.7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում: Միակը, որը որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու` մեր նախկին կանխատեսումների համաձայն, գյուղատնտեսության ճյուղն է», - նշեց Մարտին Գալստյանը:

Կենտրոնական բանկն այսօր որոշել է «մեծ քայլով»՝ միանգամից 1.25 տոկոսով բարձրացնել գնաճը զսպող գործիքը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 9.25 տոկոս։ Ավելին, ԿԲ-ն հայտարարում է՝ տնտեսական հեռանկարի անորոշության ու գնաճային սպասումների պահպանման դեպքում առաջիկայում նույնպես կդիտարկի դրամավարկային պայմանների խստացման անհրաժեշտությունը։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի այսպիսի խստացումները, ըստ ԿԲ-ի, կնպաստեն 12-ամսյա գնաճի նվազմանը, այն կմոտենա թիրախային 4 տոկոս ցուցանիշին։ Փետրվարին 12-ամսյա գնաճը 6.5 տոկոս է կազմել, ամբողջ 2021 թվականին՝ 7.7 տոկոս։ Այժմ հատկապես արագ են բարձրանում սննդամթերքի գները։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ հիմա բոլորը սպասում են, թե երբ է ավարտվելու ռուս-ուկրաինական առճակատման ակտիվ փուլը, ինչն իր հերթին որոշակի նոր տնտեսական իրողություններ է ստեղծելու։ Ըստ Կենտրոնական բանկի` խնդրահարույց է դեպի Ռուսաստան արտահանումների հարցը։ Ռուսաստանը Հայաստանի համար մեկ տնտեսական գործընկերն է, անցած տարի դեպի այդ երկրի արտահանման գրեթե 850 միլիոն դոլար է կազմել:

«Իրավիճակը բավականին խայտաբղետ է այդ առումով. կան ընկերություններ, որոնք ունեն կոնտրակտներ ամերիկյան դոլարով, բայց մյուս անգամ արդեն կոնտրակտ կնքելիս ակնկալում են, որ դա ֆիքսվելու է ռուսական ռուբլիով: Կան ընկերություններ, որոնք այս պահի դրությամբ ակնկալում են, որ իրենց կվճարեն ռուսական ռուբլիով, ու բնականաբար, իրենց վրա էական ազդեցություն կունենա այդ պահի վճարման ժամանակ ռուբլի-դոլար կամ ռուբլի-դրամ փոխարժեքը, իսկ կան ընկերություններ, որոնք բանակցում են մատակարարների հետ ընդհանրապես իրենց գումարները ստանալու ուղղությամբ, որովհետև որոշակի այդտեղ էլ խնդիրներ կան», - ընդգծեց ԿԲ նախագահը:

Այս շաբաթներին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքացիներ են Հայաստան գալիս, շատերն այստեղ ֆինանսական գործարքներ են կնքում, դոլար գնում։ ԿԲ նախագահը հայտնեց՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր շուրջ 6500 օտարերկրյա քաղաքացի Հայաստանում հաշիվ է բացել։ Մարտին Գալստյանը, սակայն, ընդգծեց՝ տարադրամի արտահոսքը կանխելու համար շուկային միջամտելու անհրաժեշտություն գլխավոր դրամատունը չի տեսնում։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի՝ ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի հետ աշխատանքը դադարեցնելու դիմումին, ապա Գալստյանը հստակ պատասխան չտվեց, միայն նշեց, որ դրա հետ կապված արհեստական աղմուկի կարիք չկա, Կենտրոնական բանկը հստակ շարունակում է իր գործունեությունը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG