Մատչելիության հղումներ

Ուկրաինայի միլիոնավոր խաղաղ բնակիչներ ստիպված լքել են երկիրը՝ ապաստանելով հարևան պետություններում


Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր՝ միլիոնավոր խաղաղ բնակիչներ ստիպված լքել են երկիրը։ Թեև փախուստի դիմած ուկրաինացիների մեծ մասը ապաստան է գտել Լեհաստանում, ավելի քան 300,000 փախստականներ հայտնվել են նախկին Խորհրդային Միության փոքր ու աղքատ հանրապետություններից մեկում՝ Մոլդովայում, որը բավականին մոտ է Օդեսա քաղաքին:

Հազարավոր մարդիկ ամեն օր հատում են Ուկրաինա-Մոլդովա սահմանային անցակետը։ Կանայք, երեխաներ ծերեր փախչում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սարսափելի հետևանքներից։

«Սա ամենամոտ սահմանն է։ Այստեղ կարելի է հասնել մեկուկես ժամում», - ասում է Վերոնիկան։

Թեև այս փախստականներից շատերը նոր են լքել իրենց հայրենիքը, նրանք հիմա միայն մտածում են օր առաջ տուն վերադառնալու մասին:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ տուն վերադառնալ։ Հույս ունենք, որ մեր տունը չի ավերվի։ Խնդրում եմ՝ օգնեք մեզ», - Պալանկայի սահմանային անցակետում հայտնված Նատալիան դժվարությամբ է զսպում հուզմունքը:

Մարիայի նման բազմաթիվ փախստականներ արդեն երկրորդական են համարում իրենց տների ավերածությունները։ Մարիան, ում տունը ռուսական զինուժի ռմբակոծությունից ավերակ է դարձել, իրեն բախտավոր է զգում, որ ողջ է մնացել: «Մենք տանն էինք, երբ հրետակոծությունը սկսվեց։ Մեզ հաջողվեց արագ իջնել նկուղ», - պատմեց Մարիան։

Մոլդովայի իշխանությունները փախստականների աջակցության նորաստեղծ կենտրոնից ուկրաինացիներին տեղափոխում են ժամանակավոր կացարաններ:

Եվրոպայում մեկնարկած այս նոր պատերազմը մեկ գիշերվա ընթացքում փոխեց միլիոնավոր մարդկանց կյանքը։ Նրանց ապագան անորոշ է ու մշուշոտ։

XS
SM
MD
LG