Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական առցանց բանակցությունները շարունակվում են


Երեկվա կարճատև դադարից հետո ռուս-ուկրաինական առցանց բանակցություններն այսօր շարունակվում են։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մանրամասներ չի հայտնել, բայց ասել է, որ առաջընթացը դեռ չի համապատասխանում կողմերի ցանկություններին, ակնարկելով, թե հատկապես ուկրաինական կողմի համար կարևոր է, որ բանակցություններն ավելի արդյունավետ լինեն:

«Ռուսական կողմը արագ և բովանդակալից աշխատելու շատ ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերում, քան ուկրաինական կողմը», - նշել է Դմիտրի Պեսկովը։

Նրա խսքով՝ բանակցություններին արձանագրված առաջընթացը բավարար չէ Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու համար։

Հանգստյան օրերին, մինչդեռ, Կիևից և Մոսկվայից որոշակի լավատեսական հայտարարություններ են հնչել: Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել էր, որ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին չմիանալու թեմաների շուրջ։ Իսկ ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակն էլ ասել է, որ «Մոսկվայի դիրքորոշումն ավելի ադեկվատ է դարձել»։ Միևնույն ժամանակ նա հայտարարել էր, թե բանակցություններն արագ չեն ավարտվի և կարող են շարունակվել առնվազն մի քանի շաբաթ։

Զելենսկին կրկին կոչ է արել Պուտինին դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

Մինչ այդ՝ երեկ, Ուկրաինայի նախագահը՝ Վլադիմիր Զելենսկին, կրկին կոչ է արել Վլադիմիր Պուտինին դեմ առ դեմ հանդիպում անցկացնել։ CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին, մասնավորապես, ասել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների, քանի որ առանց դրա պատերազմին վերջ տալ հնարավոր չի լինի։

«Եթե մեզ համար կա թեկուզ 1 տոկոս հնարավորություն պատերազմը դադարեցնելու համար, կարծում եմ, պետք է օգտվենք Պուտինի հետ խոսելու հնարավորությունից։ Եթե այս փորձերը ձախողվեն, դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմ է», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու առաջարկ են ներկայացրել Իսրայելը, Շվեյցարիան և Թուրքիան։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով նախագահ Էրդողանի հետ ակտիվ բանակցում էր Ուկրաինայի ու Ռուսաստանի առաջնորդների հետ, նախօրեին հայտարարել էր, թե կողմերի դիրքորոշումները մի շարք կարևոր հարցերի շուրջ մոտեցել են, սակայն կան հարցեր, որ պետք է լուծվեն նախագահների մակարդակով:

«Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը փորձագիտական խմբերի մակարդակով շարունակվում է անխափան։ Կարևոր է, որ այդ կրիտիկական հարցերի շուրջ երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կա։ Մենք տեսնում ենք, որ առաջին չորս կետերում դրանք գրեթե համընկնում են», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն չի հստակեցրել, թե որ կետերն են դրանք։ Սակայն պաշտոնական հաղորդագրություններից, արևմտյան մամուլի հրապարակումներից, արտահոսքից կարելի է որոշակի պատկերացում կազմել՝ ինչ են բանակցում Մոսկվան և Կիևը։

Փետրվարի 24-ին Ուկրաինայի դեմ պատերազմը սկսելիս Պուտինը հայտարարել էր, թե Մոսկվայի նպատակն է Ուկրաինայի ապանացիստականացումը և ապառազմականացումը։ Ավելի ուշ Մոսկվան հրապարակեց ավելի հասկանալի պայմաններ, պահանջելով, մասնավորապես, որ Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից ու չեզոքություն որդեգրի, ճանաչի Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները, Ղրիմը՝ որպես Ռուսաստանի հիմնական մաս։

Առաջին պահանջի հետ ուկրաինական կողմը պատրաստ է համաձայնել, ինչպես նաև պատրաստ է քննարկել Մոսկվայի հետ, թե ինչ պայմանների դեպքում կարող է հրաժարվել արևմտյան դաշինքներին պատկանող ռազմավարական սպառազինության տեղակայումից սեփական տարածքում, ինչի մասին վկայում են Կիևի և Մոսկվայի բազմաթիվ հայտարարությունները։ Իսկ ահա ինքնահռչակ հանրապետությունները և Ղրիմը Ռուսաստանի տարածքում ճանաչելը ընդունելի չէ ուկրաինական կողմի համար։

Մոսկվան իր հերթին զիջման գնալու որևէ նշան ցույց չի տալիս: Ռուսաստանի արտգործնախարարը երկու օր առաջ հայտարարել է, թե Մոսկվայի պահանջները նվազագույնն են. «Երկխոսություն կա, թեև անընդհատ զգացվում է, որ ուկրաինական պատվիրակության ձեռքից, կարծես թե, բռնում են, ամենայն հավանականությամբ, ամերիկացիները՝ թույլ չտալով համաձայնել այդ պահանջներին, որոնք, կարծում եմ, բացարձակ նվազագույն են»:

Ըստ արևմտյան վերլուծաբանների, ռուս-ուկրաինական ընթացիկ բանակցությունները տեխնիկական բնույթ ունեն

Washington Post-ը, մինչդեռ, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի անանուն պաշտոնյաներին, գրել է՝ արևմտյան առաջնորդները պատկերացում չունեն, թե կոնկրետ ինչ է քննարկվում Կիև- Մոսկվա բանակցություններում։

«Արևմտյան առաջնորդները չգիտեն, թե խաղաղ համաձայնագրի կոնկրետ ինչ միջոցներ կարող են քննարկել ուկրաինացի առաջնորդները Մոսկվայի հետ։ Հավանաբար, Կիևը, դեռ չի որոշել, թե ուկրաինացիներն ինչ տեսակի համաձայնագիրը կհամարեն ողջամիտ», - նշել է Washington Post-ը:

Բացի այդ արևմտյան վերլուծաբանները գրում են, թե ռուս-ուկրաինական ընթացիկ ձևաչափով բանակցությունները տեխնիկական բնույթ ունեն, միաժամանակ նկատելով, որ ինչքան երկար է տևում պատերազմը, ինչքան կատաղի է դիմադրում ուկրաինական բանակը ռուսական հարձակման, ինչքան շատ են տուժում Պուտինի մտերիմ օլիգարխներն ու ընդհանրապես ռուսական տնտեսությունը արևմտյան պատժամիջոցներից, այնքան ավելի մեղմանում է Ռուսաստանի եթե ոչ դիրքորոշումը, ապա հռետորաբանությունը։

Համենայնդեպս Մոսկվան պաշտոնական մակարդակով գոնե արդեն չի խոսում այն մասին, որ ուկրաինական կողմը պետք է հրաժարվի սեփական բանակից և ռազմական ներուժից, փոխարենը՝ Ռուսաստանն ակտիվ խոսում է Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի մասին։

XS
SM
MD
LG