Մատչելիության հղումներ

Զելենսկին Մոսկվային «բովանդակային և ազնիվ» բանակցությունների կոչ է անում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային «բովանդակային և ազնիվ» բանակցությունների կոչ է անում՝ երկրում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով։

Զելենսկիի խոսքով՝ դա Ռուսաստանի «միակ հնարավորությունն է նվազեցնելու սեփական սխալների վնասները։ «Ժամանակն է հանդիպելու, ժամանակն է խոսելու, ժամանակն է վերականգնելու Ուկրաինայի համար արդարությունը և տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստները կլինեն այնպիսին, որ ձեզ չի հերիքի անգամ մի քանի սերունդ, որպեսզի ոտքի կանգնեք», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկու կոչը հաջորդում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակի հայտարարությանը։ «Բլումբերգ»-ի հետ զրույցում ռուս-ուկրաինական բանակցություններում Կիևը ներկայացնող պաշտոնյան ասել է, որ չնայած որոշակի տեղաշարժերի՝ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացը կարող է ձգվել մի քանի շաբաթ։ Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ քննարկումներում առանցքային հարցերը վերաբերում են անվտանգության երաշխիքներին, կրակի դադարեցմանը, ռուսական զորքի հետ քաշմանը և «վիճելի տարածքների հետ կապված քաղաքական որոշմանը»:

«Գործընթացը կարող է ձգվել հաշվի առնելով փոխադարձաբար բացառող դիրքորոշումների քանակը։ Մենք չենք կարող հանձնել որևէ տարածք»,- ասել է ուկրաինացի բանագնացը:

Ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր հերթին նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամակցությունից հրաժարվելը թեմաներ են, որոնց շուրջ Կիևն ու Մոսկվան հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները բանակցություններում։

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են

Մինչ այդ Ուկրաինայում պատերազմի 24-րդ օրը ռազմական գործողությունները շարունակվում են, ուկրաինական կողմը տասնյակ զոհերի և վիրավորների մասին է հաղորդում։ Ռուսական զորքը այս պահի դրությամբ կենտրոնացել է Ուկրաինայի արևելյան և հյուսիսային շրջանների գնդակոծությունների վրա։ Երկրի բազմաթիվ քաղաքներում անցած գիշերվանից հրթիռակոծությունները շարունակվում են, ամենաթեժ կետերից են շարունակում մնալ Մարիուպոլը, Նիկոլաևը, ինչպես նաև ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքներին հարող շրջանները:

Մասնավորապես Նիկոլաևի մոտ գտնվող ուկրաինական զորամասի ռմբակոծման հետևանքով հաղորդվում է տասնյակ զոհերի մասին։ Քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Սենկևիչի խոսքերով՝ հրետակոծությունն իրականացվել է հարևան Խերսոնի մարզից, տեղի իշխանությունները չեն հասցրել տագնապի ազդանշան միացնել։ Ռմբահարման վայր հասած BBC-ի, ինչպես նաև բելգիական HLN-ի լրագրողները, վկայակոչելով տեղի աղբյուրները, հայտնում են, որ հրետակոծության թիրախը զինվորական զորամասն էր, որում հարձակման պահին շուրջ 200 զինվոր է եղել, ենթադրաբար մի քանի տասնյակը զոհվել են, ավելի քան հիսունը տեղաձխովել են հիվանդանոցներ։

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության համաձայն՝ Նիկոլաևում ռուսական զորքը նաև արգելված՝ կասետային զինամթերք է կիրառել։

Կիևը պաշտոնապես հաստատում է՝ Ուկրաինան կորցրել է վերահսկողությունը Ազովի ծովի մուտքի նկատմամբ։ Մարիուպոլում, որը Մոսկվայի պնդմամբ՝ նույնպես գտնվում է ռուսական զորքի վերահսկողության տակ, կատաղի մարտեր են ընթանում «Ազովստալ» մետաղագործական գործարանի համար։ Մարիուպոլի քաղաքային խորհրդի տվյալներով՝ ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է բնակելի շենքերի 80 տոկոսը, 30 տոկոսը հնարավոր չէ վերականգնել։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Չերնիգովի գնդակոծության հետևանքների մասին տեսանյութ է հրապարակել, գերատեսչությունը պնդում է, որ ոչնչացվել է հիմնականում քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն էլ այսօր հայտարարել է, որ առաջին անգամ Ուկրաինայում «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգ է կիրառել՝ ոչնչացնելով ուկրաինական բանակի հրթիռների և ավիացիոն զինամթերքի ստորգետնյա հսկայական պահեստ Իվանո-Ֆրանկիվսկի մարզում։ «Կինժալը»​ բարձր ճշգրտության աերոբալիստիկ հրթիռային համալիր է, որը ունակ է խոցել ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները՝ հաղթահարելով հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի բնակչության գրեթե մեկ քառորդը ստիպված է եղել լքել իր տունը

Ուկրաինայում ավելի քան երեք շաբաթ շարունակվող լայնածավալ պատերազմի հետևանքով երկրի բնակչության գրեթե մեկ քառորդը ստիպված է եղել լքել իր տունը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։ Կառույցի գնահատականներով՝ մոտ 6,5 միլիոն մարդ համարվում է ներքին տեղահանված, ավելի քան 3,3 միլիոնը լքել է երկիրը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը իր հերթին տվյալներ է հրապարակել փետրվարի 24-ից ի վեր ռուսական բանակի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թվի մասին։ Գերատեսչությունը հաստատել է 816 խաղաղ բնակչի մահ, վիրավորների թիվը 2149 է: Մինչդեռ, ինչպես նշվում է փաստաթղթում, «իրական թվերը, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ կարող են լինել»։

Չորրորդ շաբաթը շարունակվող պատերազմի երկու կողմն էլ՝ թե՛ Կիևը, թե՛ Մոսկվան թաքցնում են զինված ուժերում զոհերի, վիրավորների և գերիների թիվը:

XS
SM
MD
LG