Պատերազմի մեկնարկից երեք շաբաթ անց Կիևը և Մոսկվան հայտարարում են, թե երկկողմ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։
Ռուսական կողմը բանակցությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ որոշ փակագծեր է բացել․ Կրեմլի խոսնակը, մասնավորապես, հայտարարել է, թե քննարկվում է Ուկրաինան չեզոք պետություն հռչակելու տարբերակը՝ Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով։ «Դա կարող է դիտվել որպես փոխզիջում», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին այսօր ավելի վաղ ասել էր, թե Կիևն է նման տարբերակ առաջարկել։ Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը, սակայն, մեկնաբանելով ավստրիական կամ շվեդական տարբերակի մասին ռուսական կողմի հայտարարությունն, ասել էր, որ Ուկրաինան այսօր ուղղակի պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ուստի մոդելը կարող է լինել միայն ուկրաինական և միայն օրինականորեն հաստատված անվտանգության երաշխիքներով։
Բանակցությունների մասին դրական շեշտադրումներով է խոսել նաև Ռուսաստանի արտգործնախարարը։ Լավրովն ասել է, թե ռուս-ուկրաինական քննարկումները դժվար են ընթանում, սակայն, «փոխզիջման որոշակի հույս առկա է, և որոշ ձևակերպումներ մոտ են համաձայնեցման փուլին»։ Որոնք են այդ ձևակերպումները, Ռուսաստանի արտգործնախարարը չի մանրամասնել, փոխարենը պնդել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է ավելի իրատեսորեն գնահատել իր երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Հռետորաբանության փոփոխությունը, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ ադեկվատությունն իր տեղն է գտնում Ուկրաինայի ղեկավարության գիտակցության մեջ», - ասել է Լավրովը։
Վլադիմիր Զելենսկին ևս նախօրեին հայտարարել էր, թե «բանակցություններում դիրքորոշումներն ավելի իրատեսական են թվում»։ «Հանդիպումները շարունակվում են, և ինձ ասում են, որ բանակցային դիրքորոշումներն ավելի իրատեսական են հնչում։ Սակայն դեռ ժամանակ է պետք, որպեսզի որոշումները բխեն Ուկրաինայի շահերից, դա դժվար է, բայց՝ կարևոր», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի իշխանությունները բազմիցս մերժել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի այսպես կոչված ապառազմականացման և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների, ինչպես նաև Ղրիմը Ռուսաստանի կազմում ճանաչման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, Կիևը ակնարկում է, որ կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից, եթե Ուկրաինան ստանա անվտանգության բավարար երաշխիքներ, այդ թվում՝ Ռուսաստանից։
Զելենսկին նաև հայտարարում է, թե բանակցությունների հիմնական նպատակներից մեկն է՝ հանդիպում կազմակերպել իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և Իսրայելը, առաջարկել են միջնորդի դեր ստանձնել այդ հարցում։ Այսօր Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, թե նման առաջարկով Մոսկվային է դիմել նաև Շվեյցարիան։
Արևմուտքից կասկածներ են հնչում բանակցություններում առաջընթացի վերաբերյալ
Մինչ այդ արևմուտքից կասկածներ են հնչում բանակցություններում առաջընթացի հասնելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը BBC-ին ասել է, որ թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին, քանի դեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դուրս չի բերել զորքերը Ուկրաինայի տարածքից, հավելելով, թե Պուտինին պետք է կանգնեցնել «ամեն գնով»:
«Ես թերահավատորեն եմ վերաբերվում խաղաղ բանակցություններին, քանի դեռ Պուտինը պատերազմ է մղում Ուկրաինայում: Նա պետք է հրադադար հաստատի և դուրս բերի իր զորքերը, որպեսզի այդ խաղաղ բանակցությունները լրջորեն ընդունվեն», - ասել է Թրասը։
Նա նաև մտավախություն ունի, որ եթե Պուտինը չպարտվի Ուկրաինայում, հավանական է, որ ուզենա ավելի առաջ գնալ: Արևմուտքը, Թրասի խոսքով, պետք է ամեն գնով կանգնեցնի Պուտինին։ Բրիտանիայի արտգործնախարարը Ուկրաինայում պատերազմ սկսած Պուտինին համարում է սպառնալիք աշխարհի համար։