Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները «վերջնագիր» են որակում Ադրբեջանի ներկայացրած առաջարկները


Հայաստանին ներկայացված վերջնագիր. խորհրդարանի ընդդիմադիրներն այսպես են արձագանքում հարաբերությունների կարգավորման ադրբեջանական 5 առաջարկներին, որոնք Բաքուն երեկ, ըստ էության, ևս մեկ անգամ պնդեց։

«Մենք հարկ չենք համարում կրկնել այն դիրքորոշումը, որը բազմիցս շարադրել ենք», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հավելելով. - «Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է վերաբերում հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները»։

Հայաստանը մինչ այդ առաջարկել էր խաղաղության պայմանագրի բանակցությունները Մինսկի խմբի ձևափաչով անցկացնել, անգամ համանախագահող երկրներին էր դիմել։

Բաքուն, սակայն, անարձագանք է թողել թե՛ դիմումը, թե՛ Հայաստանի այդ առաջարկը։ Բաքվից հայտարարում են, թե պատրաստ են խաղաղության համաձայնագիր ստորագրելու շուրջ առարկայական բանակցությունների, եթե Հայաստանն ընդունի առաջարկված 5 սկզբունքները, որոնցից առաջինը միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է։

Նաև առաջարկում են հրաժարվել միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից, իրականացնել սահմանազատում, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել կոմունիկացիաները։

Ներկայացնելով Երևանի պատասխան դիրքորոշումը՝ արտգործնախարարն ասել էր, թե առաջարկված հինգ կետերը խնդիրների ողջ օրակարգը չեն արտացոլում։ Արարատ Միրզոյանը շեշտել էր Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտությունը։

Նաև սահմանային վերջին լարումներով է Ադրբեջանը փորձում Հայաստանին վերջնագիր պարտադրել, իսկ իշխանությունը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի կարծիքով, համարժեք չի արձագանքում. - «Վերջնագրին չեն պատասխանում գլուխ խոնարհելով կամ խաղաղության օրակարգ առաջ մղելով, վերջնագրին պետք է պատասխանել շատ կոշտ, սկսած միջազգային ու ռազմավարական ակտիվ ներգրավումից ավարտած մեր ներքին անվտանգությունն ապահովող բանակից սկսած մինչև ոստիկանությունով ավարտած կազմ-պատրաստ վիճակի բերելով», - ընդգծեց Մինասյանը։

«Իրենց սկսած խաղաղության դարաշրջանն էս է՝ զոհեր, գերիներ տարածքային կորուստներ և վերջնագերերի լեզվով Հայաստանի հետ խոսող թշնամի», - իր հերթին հայտարարում է ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն իշխանության տեսակետն է ներկայացնում՝ Ադրբեջանի վերջին արձագանքներում նա դրական միտումներ է տեսել. «Այսպես հեռավար ուղերձների փոխանակությամբ բանակցություններ վարել հնարավոր չէ, Ադրբեջանի արտգործնախարարության արձագանքն այն է, որ անհրաժեշտ է բովանդակային և արդյունքներին միտված խոսակցություն ունենալ, ինչը լավ արձանագրում է, այսինքն՝ հակամարտությունը լուծած չէ։ Այս արձանագրումն անում ենք թե՛ մենք, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանի Դաշնությունը, ու խոսակցությունը պարզապես պետք է տեղափոխել բանակցությունների հարթակ»։

Բաքուն իր 5 առաջարկները գաղտնազերծել էր շաբաթասկզբին, դրանից երեք օր անց հստակ չէ՝ Հայաստանը պաշտոնապես ի՞նչ է պատասխանել։ Իշխանական իրարամերժ արձագանքից «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանին պարզ չի դարձել՝ հայկական կողմը փաստացի ֆիքսո՞ւմ է, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել, թե՞ ոչ։ Խաղաղության պայմանագրի հարցը ԵԱՀԿ տանելու իշխանության նախաձեռնությունը նա համարում է ցայտնոտի արդյունք։

«Անընկալելի է իրարից զատել հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը և ղարաբաղյան հակամարտությունը։ Երբ որ ես իրանց՝ պատգամավոր կոչեցյալներին բացատրում էի, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում պարտադիր պետք է ֆիքսել, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն Մինսկի խմբի ձևաչափով, իրենք պատասխանում էին՝ «իսկ ինչո՞ւ ես խառնում երկու գործընթացները»։ Այ սրա համար էի խառնում երկու գործընթացները, որպեսզի մեկը մյուսից զատելով վերջնարդյունքում չհասնենք այն կետին՝ փորձեն ասել, թե խաղաղության համաձայնագիրը փոխկապակցված չէ ղարաբաղյան հակամարտության հետ և «տարածքային ամբողջականության ճանաչման» պատրվակի տակ լուծեն ղարաբաղյան հակամարտությունը», - ընդգծեց Մամիջանյանը։

Ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը պարզաբանում է ակնկալում՝ Մինսկի խմբի ձևաչափում հայկական կողմն ի՞նչ է պատրաստ քննարկել. «Այդ հինգը հարց է, որտեղ բացարձակ չկա Արցախ անունը, միայն քողարկված տարածքային ամբողջականության կոնտեքստով։ Եթե Հայաստանը մտնում է այս պրոցեսի մեջ, նշանակում է, որ ինքը ընդունում է, որ պետք է հարաբերությունները կարգավորի Արցախի մասին ընդհանրապես չխոսելով և Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելով։ Հայաստանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչների արտահայտած մոտեցումները մերժելի են։ Ի՞նչ է նշանակում քննարկման ենթակա է Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը։ Էդ մարդիկ չեն էլ հասկանում, որ իրենք էդ հայտարարություններով թշնամուն են օգնում»։

Ընդդիմությունը կոնկրետ պատասխաններ է ակնկալում իշխանությունից, իշխանությունը դա համարում է սադրանք։

«Թե՛ Ադրբեջանը, թե՛ մեր ընդդիմությունը փորձում են սադրել, որպեսզի Հայաստանն Ադրբեջանի պես խոսի վերջնական դիրքորոշումների ձևակերպմամբ, ինչը բանակցությունները փակուղի տանելու լավագույն բաղադրատոմսն է: Մենք այդպես չենք անելու, մենք լինելու ենք կառուցողական, որպեսզի այդ բանակցությունները վերսկսվեն։ Հայաստանի շահերից է նաև բխում առանձին հարցերը, որոնք ավելի պրագմատիկ են, ավելի լուծելի են, օրինակ, սահմանազատման և սահմանագծման աշխատանքը, ապաշրջափակման աշխատանքը տարանջատվեն առավել երկարաժամկետ, խորքային խնդիրներից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից», - ասաց Մարիա Կարապետյանը։

3-րդ օրն է Մինսկի խմբի համանախագահությունից Երևանի դիմումին չկա պաշտոնական արձագանք։ Միջնորդ երկրներից առայժմ միայն մեկը՝ Ֆրանսիան է դեսպանի միջոցով հայտարարել, թե պատրաստակամ են արձագանքելու դիմումին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար։ Ռուսաստանից ու Միացյալ Նահանգներից հայտարարություններ դեռ չեն եղել։ Այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղարը այս օրերին և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցներ է ունեցել։

Ու չնայած դրանք երկուսն էլ Մինսկի խմբին դիմելու մասին Հայաստանի հայտարարությունից հետո էին, Բլինքենը, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, դրան չի անդրադարձել։

«Ազատությունը» դիմել է ԱԳՆ-ն ճշտելու՝ ո՞ւմ միջոցով են փոխանցվել ադրբեջանական 5 առաջարկները։ Երրորդ օրն է՝ չկա պատասխան։ Միրզոյանը ասել էր՝ նամակը՝ թվագրված է փետրվարի 21-ով, հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։ Թե ո՞ւմ միջոցով՝ պաշտոնական Երևանն ու Բաքուն չեն նշում, սակայն հստակ է, որ փետրվարի 21-ին՝ փաստաթուղթը կազմելու հենց հաջորդ օրը Ադրբեջանի նախագահը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի ղեկավարին, իսկ մարտի 10-ին, երբ առաջարկներն արդեն հասել էին հայկական կողմին, Հայաստանի արտգործնախարարն Անթալիայում հանդիպել էր ռուս գործընկերոջը՝ Սերգեյ Լավրովին։

XS
SM
MD
LG