Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստակամ է արձագանքելու Հայաստանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ուղղված դիմումին. Անն Լույո


Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող Ֆրանսիան պատրաստակամ է՝ արձագանքելու Հայաստանի կառավարության երեկվա դիմումին և ամեն ինչ անելու, որպեսզի երկարատև խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։

Երեկ պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Երևանը Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջնորդությանը դիմում է Արևմուտք - Ռուսաստան աննախադեպ լարվածության և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պայմաններում։ Ղարաբաղյան կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբից Հայաստանի այս դիմումի վերաբերյալ պաշտոնական պատասխան առայժմ չկա։

Այսօր Ֆրանսիայի դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատեց մարտի 9-ին Փարիզում տեղի ունեցած հայ-ֆրանսիական համագործակցության կոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա պատրաստակամություն էր հայտնել աջակցելու կողմերին ի վերջո գտնել միմյանց համար ընդունելի պայմաններ և խաղաղություն հաստատել։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծեց, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է մեզ ստիպի մոռանալ նախորդ կոնֆլիկտի մասին, որը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետք է անպայման փորձել լուծել այդ խնդիրը», - ասաց տիկին դեսպանը։


«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Ադրբեջանի հայտարարություններին, թե ղարաբաղյան հարց այլևս չկա և, որ Մինսկի խումբն արդեն անելիք չունի, Անն Լույոն պատասխանեց. «Ես ևս մեկ անգամ կխնդրեմ ուշադրություն դարձնել պարոն Մակրոնի պատասխանին, որտեղ նա վստահեցնում էր, որ, այո, խնդիր կա և այդ խնդրին դեռ պետք է լուծում տրվի»։

Ֆրանսիայի դեսպանն ասաց՝ չգիտի՝ երբ է նախատեսված համանախագահների այց տարածաշրջան և արդյոք նախատեսված է, թե՝ ոչ։ Ղարաբաղյան միջնորդները պատերազմի ավարտից ի վեր Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չեն ունեցել։

Անն Լույոն շեշտեց նաև, որ երեկ Հայաստանի արտգործնախարարությունում են եղել Հայաստանում հավատարմագրված դեսպաններն և միջազգային կառույցների ներկայացուցիչները, և Հայաստանի կառավարությունը դեսպաններին խնդրել է վերաակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելուն ուղղված գործողությունները։

XS
SM
MD
LG