Մատչելիության հղումներ

Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանը


Երևանը պատասխանել է Բաքվից փոխանցված առաջարկներին և դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա: Հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ առանց հստակեցնելու՝ ընդունել, թե մերժել են Բաքվի առաջարկները։

Եթե մերժել են, այդ դեպքում ինչո՞ւ են դիմել Մինսկի խմբի միջնորդներին։ Եթե ընդունել են՝ ի՞նչ է ենթադրում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ առաջարկների նոր՝ 5 կետանոց փաթեթը։

Մինչ հայաստանցի պաշտոնյաները լռում են, թե ինչ առաջարկներ են ստացել, ինչ պատասխան տվել, Բաքուն բացահայտում է բոլոր 5 կետերը, կամ, ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են ձևակերպում՝ «Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու նախապայմանները»։ Իսկ ԵԱՀԿ դիմելու Հայաստանի նախաձեռնությանը Բաքվից որևէ կերպ չեն արձագանքել։

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ փաստաթղթի նախագծում հետևյալ դրույթներն են.

-Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը միմյանցից,

-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ և ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,

-Կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքներից,

-Կողմերը պարտավորվում են սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել,

-պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները և կոմունիկացիաները:

«Բաքուն պատրաստ է առարկայական, ինտենսիվ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու շուրջ, եթե Հայաստանն ընդունի այս 5 հիմնարար սկզբունքները»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Երևանի և Բաքվի փոխադարձ հայտարարությունները հնչում են վերջին օրերի սահմանային պարբերական լարվածության ֆոնին։ 5 կետանոց փաթեթի մասին Ադրբեջանը խոսեց անմիջապես Երևանի այն հայտարարությունից հետո, թե առաջիկայում հնարավոր է դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։

Չբացահայտելով մանրամասները՝ արտգործնախարար Բայրամովը հույս էր հայտնել, որ «Հայաստանը հեշտությամբ կընդունի ադրբեջանական նոր փաստաթուղթը»։ Ընդ որում, Բայրամովը հիշատակել էր Ադրբեջանի նախագահին, որը, ըստ նրա, բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ադրբեջանի նախագահը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների սկսման պայման էր համարել միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ չստորադասելով նաև «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտությունը։

Հայաստանի կառավարության նպատակներից է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, Երևանից էլ ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով է այս պատրաստակամությունը հայտնվել։ Հայաստանը միաժամանակ մերժում է միջանցքի գաղափարը։

Երևանը ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղը տարածքային խնդիր չէ, ուստի չի կարող քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի ու դելիմիտացիայի համատեքստում, այս ուղերձն էլ Երևանից պարբերաբար հնչում է՝ հատկապես այն մտահոգությունների ֆոնին, որ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նշանակում է մի մեծ քար նետել Արցախի ճակատագրի վրա։

Պաշտոնական Բաքուն պատերազմի ավարտից ի վեր հայտարարում է, թե ղարաբաղյան հարցը կարգավորված է, Ալիևն էլ պնդել է, թե իրենք կշարունակեն «խափանել դրանով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը»։ Բանակցություններն էլ մեծ հաշվով փակուղում են. Մինսկի խմբի շրջանակներում ղեկավարների մակարդակով հանդիպում 2020-ի նոյեմբերից հետո ընդհանրապես չի եղել, արտգործնախարարներն էլ թեև հանդիպել են, բայց բուն կոնֆլիկտի հանգուցալուծմանը անդրադարձ չի եղել, միջնորդներն էլ մինչև այժմ Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն չեն ունեցել։

Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու համար Երևանն այսօր շեշտադրել է Հելսինկյան եզրափակիչ ակտը, դրա երեք հիմնական դրույթներն են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները։

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա», - այս հայտարարությունը Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը դեռ 7 ամիս առաջ է արել։ Բայց այն ժամանակ Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունները դեռ այսօրվա առճակատմանը չէին հասել։ Ո՞րը կլինի Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ներկայացնող միջնորդների արձագանքը Հայաստանի առաջարկին, այս պահին հայտնի չէ։ Մինսկի խմբի երեք երկրները համաձայն են, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG