Մատչելիության հղումներ

Պուտինն էլ ավելի է կոշտացնում հայտարարությունները


Մինչ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարում է, թե ուկրաինական կողմի հետ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, երկրի նախագահն էլ ավելի է կոշտացնում հայտարարությունները։ Երեկ նա պնդեց, թե Ուկրաինայի դեմ իր հատուկ գործողությունն ընթանում է ըստ ծրագրվածի, իսկ նրանք, ովքեր ընդդիմանում են, «դավաճաններ են երկրի ներսում»։

Պատերազմի մեկնարկից ուղիղ երեք շաբաթ անց Պուտինն ընդունեց, որ Ռուսաստանի նկատմամբ սամանված արևմտյան աննախադեպ պատժամիջոցները հսկայական վնաս են հասցրել տնտեսությանը, ինչն անխուսափելիորեն ազդելու է բնակչության վրա։ Վիճակագրությունը արդեն փաստոմ է, որ մարտի սկզբին Ռուսաստանի ՀՆԱ-ն ավելի շատ է նվազել, քան 1998 թվականի դեֆոլտի ժամանակ։ Իր մեղքը, սակայն, Պուտինն այս ամենում չի տեսնում․ երեկ նա կրկին մեղադրեց Արևմուտքին ու արևմտյան արժեքները դավանող ռուսներին։ Ընդ որում, խոսելով հինգերորդ շարասյան մասին` Պուտինը պնդեց, թե դավաճանները մեծամասամբ լավ ապրող ռուսաստանցիների շրջանում են:

«Անշուշտ, նրանք` Արևմուտքը, կփորձեն օգտագործել այսպես կոչված նացիոնալ դավաճաններին, նրանց, ովքեր փող են աշխատում այստեղ Ռուսաստանում, իսկ ապրում են այնտեղ` Արևմուտքում։ Եվ ապրում են ոչ այնքան աշխարհագրական իմաստով, այլ իրենց մտքերով, իրենց ճորտական գիտակցությամբ։ Ես, իհարկե, չեմ դատապարտում նրանց, ովքեր վիլաներ ունեն ֆրանսիական Ռիվիերայում կամ Մայամիում, խնդիրը պարզապես այն է, որ նրանցից շատերն իրենց էությամբ մեր ժողովրդի, Ռուսաստանի հետ չեն», - հայտարարեց Պուտինը:

Որևէ խոսք չասելով այն մասին՝ ինչու են հազարավոր ռուսաստանցիներ այսօր լքում հայրենիքը, Պուտինը պնդել է. «Հասարակության այդ բնական ու անհրաժեշտ ինքնամաքրումը միայն կամրապնդի Ռուսաստանը»:

Ռուս ժողովուրդը, Պուտինի խոսքով, «միշտ կարողացել է իրական հայրենասերներին տարբերել տականքներից ու դավաճաններից»։

Ռուսաստանի ղեկավարի այս ելույթն աննախադեպ էր իր կոշտությամբ, թեև նրա երկարատև իշխանավարումը մինչ այդ էլ երբեք աչքի չէր ընկել մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությամբ։ Վերջին տարիներին հատկապես օղակը սեղմվում էր օր օրի՝ ընդդիմադիրները բանտարկվում էին, անկախ լրատվամիջոցներն ու կազմակերպությունները` արգելվում՝ որակվելով «օտարերկրյա գործակալ», սակայն արևմտյան արժեքներ դավանող ռուսաստանցիներին դավաճաններ ու տականքներ Պուտինն առաջին անգամ է անվանել։

Կրեմլը պատրաստվում է վաղը մեծ հանրահավաք ու համերգ անցկացնել

Կրեմլը միաժամանակ պատրաստվում է վաղը` Ղրիմի բռնակցման օրը, մեծ հանրահավաքներ ու համերգներ անցկացնել Ռուսաստանի խոշոր քաղաքներում՝ ցույց տալու, որ բնակչության մեծ մասը չնայած բոլոր դժվարություններին Ռուսաստանին նախագահի կողքին է:

Ռուսաստանցի բլոգերները, արտասահմանում բնակվող ընդդիմադիրները, անկախ մտավորականները նկատում են՝ ինչքան երկար է շարունակվում պատերազմը, ինքան շատ ռուսաստանցի զինվորական է զոհվում Ուկրաինայում, ինքան շատ է սեղմվում օղակը քաղաքակիրթ աշխարհից մեկուսացված Ռուսաստանի շուրջ, այնքան էլ ավելի ագրեսիվ է դառնում Պուտինը։ Եվ նրա ագրեսիվությունը այսօր ոչ միայն Արևուտքին է ուղղված, այլև պատերազմին չաջակցող ռուսաստանցիներին, հատկապես դեպի նրանց, ովքեր այս մի քանի շաբաթվա ընթացքում լքել են երկիրը։

«Այս պատերազմը ոչ ոքի, բացի Բուտինից պետք չէ, այստեղ չկան պետության շահեր։ Նա արդեն մտել է անկյուն` իր հետ տանելով երկիրը և չի կարողանում դուրս գալ այդ անկյունից։ Ակտուալ է հարցը՝ ինչպե՞ս պետք է այդ անկյունից դուրս գան նրա թիմակիցները», - ասում է հայտնի արձակագիր Վիկտոր Շենդերովիչը:

Սրա հետ մեկտեղ Կրեմլից անկախ փորձագետները նաև փաստում են, որ ռուսաստանցիների մեծ մասը պատկերացում անգամ չունի, թե ինչ է իրականում կատարվում Ուկրաինայում, քանի որ տեղեկությունը ստանում է բացառապես դաշնային հեռուստաընկերությունների եթերներից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG