Չեռնիգովում հացի հերթում զոհվածների թիվը հասել է 13-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնել է շրջանի ոստիկանության պետ Վլադիմիր Նիդզելսկին։
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհվածների մասին։
Երեկ Չեռնիգովի բնակելի թաղամասում կրակի տակ է ընկել բարձրահարկ շենքը, որի մոտ մարդիկ հերթում կանգնած են եղել:
Ուկրաինան պնդում է, որ ռուսական զորքերն են կրակել հացի հերթում կանգնած մարդկանց վրա։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, «ազգայնականների սադրանք» է անվանում տեղի ունեցածը։ «Չեռնիգովում ռուս զինծառայողներ չեն եղել և չկան։ Այդպիսով, բոլոր մահացածները ուկրաինացի ազգայնականների տեռորի զոհ են, կամ այս տեսագրությունը Ուկրաինայի Անվտանգության ծառայության հերթական արտադրանքն է», - չորեքշաբթի օրը հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Մարիուպոլի քաղաքային խորհուրդն էլ հայտնում է, որ երեկ քաղաքից մոտ 11 հազար մարդ է մեկնել Զապորոժիե։