Սերբիան Եվրոպայում միակ երկիրն է, որը հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։ Բելգրադը նաև չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Անցած օրերին հազարավոր սերբեր ռուսական դրոշներով և Պուտինի լուսանկարներով մայրաքաղաք Բելգրադում փողոց են դուրս եկել՝ իրենց աջակցությունը հայտնելու Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։
Ի տարբերություն մեծ թվով եվրոպական երկրների, որոնք փակել են իրենց օդային տարածքը ռուսաստանյան ավիաընկերությունների համար, Air Serbia-ն կրկնապատկել է թռիչքները Ռուսաստանի և մայրաքաղաք Բելգրադի միջև՝ առաջարկելով շաբաթական 15 չվերթ` նախկին 7-ի փոխարեն, և խոստանում է առաջիկայում է՛լ ավելի մեծացնել դրանց թիվը։
Այդպիսով, բալկանյան այս երկիրը դարձել է Ռուսաստանի համար բաց միակ եվրոպական օդային միջանցքը։
Մոսկվայի և Բրյուսելի արանքում երկիրը բարդ կացության մեջ է հայտնվել, պնդում է Սերբիայի նախագահը։ «Մենք բացառիկ բարդ իրավիճակում ենք, քան երբևէ։ Մենք հայտնվել ենք հսկայական ճնշման տակ», - անցած օրերին սրտնեղել էր նախագահ Ալեքսանդր Վուչիչը այն բանից հետո, երբ Սերբիայի կառավարությունը հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։
Ռուսաստանի հետ պատմական, տնտեսական և առևտրային սերտ կապեր ունեցող Սերբիան զուգահեռաբար ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը։ Թեկնածու երկրի կարգավիճակ ունեցող Արևմտյան Բալկանների վեց երկրներից անդամակցության ճանապարհին ամենամեծ առաջընթացն արձանագրել է Սերբիան՝ հաջողությամբ իրականացնելով մի շարք կարևոր բարեփոխումներ երկրի առանցքային ոլորտներում։
Սերբիան նաև ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ է, համատեղ զորավարժություններ է անցկացնում թե՛ արևմտյան ռազմական դաշինքի, թե՛ ռուսաստանյան զինված ուժերի հետ։
Ռուսաստանը Սերբիայի երկարամյա դաշնակիցն է հատկապես Կոսովոյի հարցում, որի անկախությունը Բելգրադի պես հրաժարվում է ճանաչել նաև Մոսկվան։
«Սերբիան լիովին հասկանում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների նպատակը և աջակցելով Ռուսաստանին՝ շարունակում է ենթարկվել Արևմուտքի ճնշումներին», - հայտարարել է Բելգրադում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոն "Россия-24" հեռուստաընկերության եթերում: «Եթե մենք խոսում ենք երկրի ղեկավարության, կառավարության, պաշտոնյաների, գործարար շրջանակների, մտավորականության ներկայացուցիչների և պարզապես սերբերի մասին, ապա, իհարկե, Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նման դրական վերաբերմունքը բացարձակապես գերակշռում է», - պատմել է ռուսաստանցի դիվանագետը։
Լինելով Մոսկվայի առանցքային դաշնակիցը Բալկանյան տարածաշրջանում՝ Սերբիան մեծապես կախված է Ռուսաստանի հետ տնտեսական կապերից, մասնավորապես ռուսական գազից և նավթից։ 2008 թվականին երկու երկրների միջև կնքված խոշոր գործարքի համաձայն՝ սերբական Naftna Industrija Srbije (NIS) նավթագազային ընկերության 51 տոկոսը փոխանցվել է ռուսական «Գազպրոմ Նեֆտ»-ին` «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությանը։
Միջազգային հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդի կողմից վերջերս իրականացված հարցումների արդյունքներով՝ Սերբիայի քաղաքացիների 95 տոկոսը Ռուսաստանը համարում է կա՛մ դաշնակից, կա՛մ գործընկեր։ Թեև Եվրամիությունն է Սերբիայի ֆինանսական օգնության հիմնական աղբյուրը, այդուհանդերձ, սերբերի միայն 11 տոկոսն է Եվրամիությունը համարում դաշնակից։
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին չմիանալու համար դաշինքից Սերբիայի հասցեին քննադատություն չի հնչել։ Ի պատասխան Բելգրադի դիրքորոշման Եվրամիության պաշտոնյաները չեն սպառնում փակել Սերբիայի առաջ ԵՄ դռները կամ կրճատել ֆինանսական աջակցությունը։
Ավելին՝ Եվրամիության ներկայացուցիչները վերջին երկու շաբաթների ընթացքում բազմիցս մատնացույց են արել Սերբիայի քվեարկությունը ՄԱԿ-ում և գովեստի խոսքեր հնչեցրել Վուչիչի վարչակազմի հասցեին։ Բելգրադում ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Էմանուել Ժոֆրեն հայտարարել է, որ դաշինքը բարձր է գնահատում Սերբիայի իշխանությունների աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանի ագրեսիան դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկելը։
«Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ Սերբիան պաշտպանել է ՄԱԿ-ի 141 անդամների որոշումը՝ աջակցել Ուկրաինային և դատապարտել Ռուսաստանին հարձակման համար։ Սա կարևոր դիրքորոշում է», - ասել է եվրոպացի պաշտոնյան։