Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն ընդունեց Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով բանաձևը


Եվրախորհրդարանն այսօր քննարկել ու 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման հարցով բանաձև:

Այն պարտադիր կատարման ուժ չունի: Հիմք առնելով նախկինում ընդունված մի շարք բանաձևեր և համազեկուցողների` Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով հայտարարություններ, ռասիզմի և անհանդուրժողականության մասին զեկույցներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարությունը, Արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշումները, համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան և մի շարք միջազգային այլ փաստաթղթեր, Եվրախոհրդարանը նշում է, որ վերջին պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ է հայտնվել 1456 կոթող, մեծամասամբ՝ հայկական:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից էական վնաս է հասցվել հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությանը, մասնավորապես, հրթիռակոծվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազաչենցոց եկեղեցին: Վնաս է հասցվել Մեխակավանի մոտ Զորավոր Սուրբ Աստվածածին և Մատաղիսում Սուրբ Եղիշե եկեղեցիներին, գերեզմանատներին:

Եվրախորհրդարանը դատապարտում է Ղարաբաղում և դրա շուրջ հայոց մշակութային ժառանգությունը վերացնելու և դրա գոյությունը հերքելու Ադրբեջանի քաղաքականությունը, որը հակասում է միջազգային օրենքներին: Եվրախորհրդարանը դա համարում է Ադրբեջանի որդեգրած հայատյացության քաղաքականություն:

Ծակուռիում այցելելով 12-րդ դարի հայկական եկեղեցու տարածք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պետք է հեռացնել եկեղեցու պատերից հայերեն մակագրությունները:

Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել Ղարաբաղում հայոց պատմամշակութային կոթողների և եկեղեցիների ավերումը և հիշեցնում է, որ ցանկացած կոթողի ոչնչացում կամ դրա ինքնության և պատկանելության աղավաղում հակասում է Եվրամիության սկզբունքներին:

Այդ թեմային են անդրադարձել Եվրոպայի օրենսդիր մարմնի պատգամավորները: Շվեդիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Էվին Ինչիրը, որ ներկայացնում է Սոցիալիստների և դեմոկրարների առաջադիմական ալյանսը, շեշտել է` Ադրբեջանը փորձում է վերացնել հայերի մշակութային և պատմական ներկայությունն ու հետքը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ:

Ինչիրը հայտնել է, որ ծագումով քուրդ է և գիտի, թե ինչ ցավ է պատճառում որևէ ազգի մշակույթը մերժելու ու ջնջելու քաղաքականությունը, որը Թուրքիայում իրականացվում է քրդերի դեմ: Նա դատապարտել է Ադրբեջանի գործողությունները:

Լեհաստանից Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների խմբավորման անդամ Աննա Ֆոտիգան նշել է, որ պատերազմի ընթացքում երկու կողմերն էլ տեղեկատվության փոխարեն հաճախ ապատեղեկատվություն են տարածել` փորձելով մեկ-մեկու վարկաբեկել, ուստի անհրաժեշտ է անկախ աղբյուր. պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ից փաստահավաք խումբ ուղարկել շրջան և տեղում հասկանալ, թե ինչ է կատարվում:

Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է չխոչընդոտել իր հսկողության տակ գտնվող տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը և երաշխավորել նրանց անվտանգությունը: Եվրախորհրդարանն Ադրբեջանից նաև պահանջում է վերականգնել բոլոր ավերված կոթողները, իսկ Եվրոպական միությանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղում վտանգված պատմամշակությային ժառանգությունը պաշտպանելու գործին և ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք թիմ ուղարկել շրջան: Այդ պահանջն է ներկայացրել Ձախերի խմբից իռլանդացի օրենսդիր Միք Ուոլեսը:

Ելույթ է ունեցել նաև Կատալոնիայի երբեմնի լիդեր, անկախության գաղափարի ջատագով Կարլես Պուչդեմոնը. «Կոչ եմ անում ամեն ինչ անել, որ հայոց ժառանգությունը պաշտպանվի, և այն ավերողները պատժվեն, ոչնչացումն աղետ է, Ադրբեջանը պարտավոր է այն կասեցնել»,- ասել է նա:

Ամփոփելով քննարկումները` Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Չեխիան ներկայացնող իրավաբան Վերա Յուրովան ասել է, որ Եվրախոհրդարանը շարունակելու է երկու կողմերին հորդորել անվերապահորեն և ամբողջությամբ պահպանել կրոնական և մշակութային ժառանգությունը: Դրա համար անհրաժեշտ է միջազգային առաքելությանը տալ իրավիճակը տեղում գնահատելու հնարավորություն, աշխատել կոնֆլիկտը կարգավորելու, առանցքային հարցերի շուրջ համագործակցելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ:

Եվրախորհրդարանն ընդգծում է պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական սահմանման կոնտեքստում մոտենալու անհրաժեշտությունը և այդ առումով Ադրբեջանին հորդորում է հրաժարվել առավելապաշտական նպատակներից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG