Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել երկու երկրների պաշտոնյաների հետ, սակայն, այդ հանդիպումներից հետո էլ անորոշ է մնում, թե ի վերջո երբ տեղի կունենա ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը տարածաշրջան։
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան հայտնել է, որ «մոտ ապագայում այց կլինի Ղարաբաղ՝ գնահատման առաքելություն իրականացնելու համար»։ Անդրեևայի խոսքով, առաքելությունում կընդգրկվեն ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների և ծրագրերի ներկայացուցիչներ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Գաֆարովան ընդգծել է, որ «երեսնամյա հայկական օկուպացիան հանգեցրել է ադրբեջանական քաղաքների, գյուղերի, ինչպես նաև մշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի ոչնչացմանը». - «Ցավոք, չնայած Ադրբեջանի հորդորներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն երբեք չի իրականացրել գնահատման առաքելություններ այդ հողերի վրա այն ամբողջ ընթացքում, երբ դրանք գտնվում էին օկուպացիայի տակ»։
Նախօրեին էլ Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային։ Հանդիպմանը արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:
Արտգործնախարարությունը հավելյալ տեղեկատվություն չի փոխանցում։ Իսկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ սա պաշտոնակատարի առաջին հանդիպումն էր արտգործնախարարի հետ, քննարկվել են հիմնականում համագործակցության ուղղությունները։
Միմյանց մշակութային ժառանգությունը պղծելու Երևանից ու Բաքվից հնչող փոխադարձ մեղադրանքների ֆոնին հրապարակավ այդպես էլ չի հստակեցվում, թե ինչն է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը տարածաշրջան։ Պատերազմից հետո ՄԱԿ-ի գիտության և մշակույթի կազմակերպությունը ոչ մի անգամ տարածաշրջան չի այցելել։ «Ազատությունը» այս հարցերի շուրջ հարցում է ուղարկել և ՅՈւՆԵՍԿՕ-ին, և Հայաստանի արտգործնախարարությանը։
Երևանը հատկապես կարևորում է առաքելության իրագործումը Բաքվից հնչող հայտարարություններից հետո, իբր ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված եկեղեցիները աղվանական են, և հայերը հետքեր են թողել դրանց վրա, որոնք պետք է մաքրել։
Հայտնի է, որ մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի փետրվարի 4-ին կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, և ըստ «Ազատության» աղբյուրի, Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության տեղակայմանը Հայաստանում և Ադրբեջանում։
44-օրյա պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում արդեն հաղորդվել է Թալիշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հայկական հետքը վերացնելու, իսկ Շուշիի Ղազանչեցոց և Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցիներից խաչերը հանելու մասին։
Մինչդեռ Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարից օրեր անց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջի, նշել էր, որ Ադրբեջանին անցած տարածքներում քրիստոնեական տաճարներ, վանքեր կան և «այդ կապակցությամբ ընդգծել էր այդ սրբավայրերի պահպանության և եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը»։
«Այդ առումով Ադրբեջանի նախագահն ըմբռնում դրսևորեց և ասաց, որ ադրբեջանական կողմը կգործի հենց նման կերպ», - հայտնել էր Կրեմլը։
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային կոթողների ոչնչացման մասին փաստագրական հոդվածներ և աշխատություններ է հրապարակել Կոլորադոյի համալսարանի դասախոս Սիմոն Մաղաքյանը։ Քաղաքագետի մեկնաբանությունը 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների մասին անցած ամիս լույս է տեսել Foreign Policy հեղինակավոր ամերիկյան ամսագրում։
Մաղաքյանը չի կարծում, թե կան միջազգային լուրջ մասնագետներ, ովքեր հավատում են Ադրբեջանի կողմից նշած «աղվանականության» տեսությանը. - «Չկա միջազգային ոչ մի լուրջ պատմաբան կամ մասնագետ, որ այս քաղաքական գործընթացին իր մասնակցությունը կբերի։ Իհարկե հնարավոր է, որ գտնեն ինչ-որ մեծ համբավ ունեցող ճարտարապետ կամ միջազգային կազմակերպության հետ առնչված մի անձ, որ հնարավոր է մի արձանագրության հետ կապված, որը ավելի շատ նոր ավելացված ցուցանակ լինի, քան պատմական արձանագրություն, որ դրանով ինչ-որ հայտարարություն տա։ Բայց ես չեմ կարծում, որ սա մասնագիտական տիրույթի խոսակցություն է կամ գործելաոճ։ Մենք իրոք դավադրական տեսության հետ գործ ունենք»։
Այս ոլորտում արդեն երկար տարիներ ուսումնասիրություններ իրականացնող գիտնականը հիշեցնում է, որ հայկական ժառանգությունը 1997 և 2006 թվականներին ամբողջովին վերացվեց Նախիջևանում և դա ոչ մի հետևանք չունեցավ Ադրբեջանի համար։