Մատչելիության հղումներ

Բաքուն չի հրաժարվում հայկական հուշարձանները «աղվանական» դարձնելու ծրագրերից


Արցախ - Հադրութի եկեղեցում, նոյեմբեր, 2020թ․
Արցախ - Հադրութի եկեղեցում, նոյեմբեր, 2020թ․

Պաշտոնական Բաքուն շարունակում է կասկածի տակ դնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը, հայկական կոթողների պաշտպանության մասին միջազգային հանրության կոչերն էլ որակում է զրպարտություն։

Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»: Այդ մասին երկրի մշակույթի նախարար Անար Քերիմովն էր անցյալ շաբաթ հայտարարել։

Ադրբեջանի աղմկահարույց նախաձեռնությանը նաև պաշտոնական Վաշինգտոնն էր արձագանքել ։ Միացյալ Նահանգների կառավարությանը կից Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզան մտահոգություն էր հայտնել « եկեղեցիներից Հայ Առաքելական արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերով» ու կոչ արել Ալիևի վարչակազմին «պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերն ու այլ կրոնական, մշակութային կառույցները»։

Ի պատասխան, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պնդել ՝ «աղվանական եկեղեցիները հայկական եկեղեցիների հետ կապ չունեն»։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի արտաքին կապերի բաժնի ղեկավար Ալի Հազիևը։

«Իհարկե, զրպարտություն է։ Մենք բոլորս գիտենք, և համաշխարհային հանրությունը տեղյակ է, որ Ադրբեջանը միշտ, անկախ կրոնական պատկանելությունից, պաշտպանել է բոլոր կրոնական ու պատմական հուշարձանները և պահպանել դրանց ինքնությունը»,- պնդել է ադրբեջանցի պաշտոնյան։

44-օրյա ռազմական գործողություններին հաջորդած մի քանի ամիսների ընթացքում, հիշեցնենք, վանդալիզմի է ենթարկվել պատերազմի ընթացքում կրկնակի ռմբակոծված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ապա «նորոգման աշխատանքների» քողի տակ հրապարակավ հանվել են եկեղեցու գմբեթները։ Հաղորդվել էր նաև Թալիշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հայկական հետքը վերացնելու, Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցուց խաչը հանելու մասին, Հայաստանի արտգործնախարարության տեղեկություններով՝ ռազմական գործողություններից շաբաթներ անց ավերվել է նաև Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։

Վերջին օրերին միջազգային մի շարք լրատվամիջոցների կողմից այս տվյալների թվարկումը Ադրբեջանում որպես կողմնակալություն են գնահատում, հավաստիացնում, թե Բաքուն «հարգանքով է վերաբերվում իր կրոնական-մշակութային ժառանգությանը»։

Ադրբեջանցի պաշտոնյան, որևէ կերպ չհիշատակելով հայկական ծագման կոթողներ, կրկնել է պաշտոնական Բաքվի քարոզչական գիծը՝ «բոլոր աղվանական հուշարձանները պատկանում են աղվանա-ուդիական կրոնական համայնքին»։ Որպես ապացույց Հազիևը 1-2-րդ դարերում տեղի ունեցած իրադարձություններ է վկայակոչել ․ - «Աղվանական եկեղեցիները, որոնք հնագույնն են տարածաշրջանում, ստեղծվել են ուղղակիորեն Հիսուս Քրիստոսի աշակերտների կողմից»։ Ադրբեջանցի պաշտոնյան այդ աշակերտների անուններն էլ գիտի՝ Թադեոս և Բարդուղիմեոս․ - «Սա շատ կարևոր փաստ է, քանի որ ապացուցում է, որ աղվանական եկեղեցին հնագույնն է»,- փաստարկներն ամփոփել է ադրբեջանական կառավարության ներկայացուցիչը։

«Կովկաս-աղվանական» ժառանգության մասին Բաքվի քարոզչության վերաբերյալ դեռ անցած տարի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն էր մտահոգություն հայտնել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես ասվում է․ - «{ԵԽԽՎ-ն} իր մտահոգությունն է հայտնում հայկական համարվող մշակութային ժառանգությունը փոխարինելու նպատակով Ադրբեջանում զարգացող «Կովկաս-աղվանական» ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ»։ ԵԽԽՎ-ը ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը առաջարկել էր «ուսումնասիրել զարգացող հորինվածքը՝ «Կովկասյան աղվանների » ժառանգության մասին քարոզչությունը, համոզվելու, որ կողմերը չեն շահարկում»։

Առայսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները տարածաշրջան չեն այցելել ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG