Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց ընդդեմ Արցախի բռնազավթված տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության խեղաթյուրման


«Հերթական անգամ այսպես լուռումունջ հետևել, թե ինչպես են խեղաթյուրում պատմությունը, անձամբ ես չեմ կարող», - «Ազատությանն» ասաց ակցիայի մասնակիցներից Սարինե Հայրիյանը։

Տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության շուրջ շարունակվող անորոշության ֆոնին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև այսօր մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի շուրջ։

«Հերթական անգամ այսպես լուռումունջ հետևել, թե ինչպես են խեղաթյուրում պատմությունը, անձամբ ես չեմ կարող», - «Ազատությանն» ասաց Ասկերանի շրջանի բնակիչ, ակցիայի մասնակիցներից Սարինե Հայրիյանը՝ շարունակելով. - «Անձնական հարց է, իմ անձին առնչվող է, որովհետև ես եղել եմ մեծ մասում այդ պատմամշակութային վայրերի, Գրչավանքում, Դիզափայտի կատարին՝ Կատարո...ինչ անենք, թե պատերազմ էր, և ելքն էդպիսին էր, օկուպացրին տարածքները։ Դա չի նշանակում, թե պետք է լինել բռի, վայրենի ու ջնջել առահասարակ մշակութային հետքերը»։

Ակցիայի մասնակիցների անհանգստության պատճառը պաշտոնական Բաքվից վերջերս հնչող հայտարարություններն են. այնտեղ կասկածի տակ են դնում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը՝ պնդելով, թե դրանք աղվանական են և նշելով, թե «հայերը հետքեր են թողել հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»:

Եկեղեցիներից հայկական արձանագրությունները հեռացնելու նպատակով Բաքվում աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռնությունը դատապարտել են պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը, նաև Հայ առաքելական եկեղեցին։

Այս համատեքստում հայկական կողմը խիստ հրատապ է համարում ՄԱԿ-ի գիտական և մշակութային կազմակերպության փաստահավաք առաքելության այցը տարածաշրջան։ Հայտնի է, որ մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի փետրվարի 4-ին կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, և ըստ «Ազատության» աղբյուրի, Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության տեղակայմանը Հայաստանում և Ադրբեջանում։

Սակայն պատերազմից հետո ՄԱԿ-ի գիտության և մշակույթի կազմակերպությունը ոչ մի անգամ տարածաշրջան չի այցելել, և հայտնի չէ, թե երբ ի վերջո իրականություն կդառնա փաստահավաք առաքելությունը։ Երեկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից «Արմենպրեսին» միայն հայտնել էին, որ աշխատում են Լեռնային Ղարաբաղ անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու ուղղությամբ և շեշտել, որ այս պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան։ Թե կոնկրետ ինչ խնդիրներ են ծագել, ՅՈՒՆԵՍԿՕ-ից չէին հստակեցրել, միայն հավելել էին, թե քննարկումները շարունակվում են։ Թե ինչն է պատճառը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը տարածաշրջան չի հաջողվում, Հայաստանի արտգործնախարարությունից էլ առայժմ չեն մեկնաբանում։

Մինչ այդ հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները միջազգային կառույցներից են պահանջում հետամուտ լինել, որպեսզի այդ այցը անհապաղ կազմակերպվի։

«Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարեցինք, միջազգային բոլոր հնարավոր կառույցներին, հիմնականում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որովհետև ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի պարտավորություն դա իրականացնելու, եթե չանենք, ապա մենք ուղղակիորեն կորցնելու ենք Արցախի հայկականությունը, որովհետև Արցախում հայկականության հետքն են ուզում ջնջել», - ասաց «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ այս հարցը իրենց լիազորությունների շրջանակում չէ, կապի մեջ են ՅՈՒՆԵՍԿՕ -ի հետ և հստակ տեղեկատվություն ունենալու դեպքում կփոխանցեն։

Պաշտոնական տվյալներով, 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր: Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային հուշարձանների վնասման ու քանդման մասին, ադրբեջանական կողմն էլ հայերին է մեղադրում վանդալիզմի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG