Ֆրանսիայի նախագահը չորեքշաբթի երեկոյան Փարիզում «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովում իր ելույթը սկսեց ռուս - ուկրաինական պատերազմից։ Ռուսաստանը պատերազմը բերեց Եվրոպա, և այն չի կարող հետևանքներ չունենալ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար, շեշտեց Էմանյուել Մակրոնը՝ նշելով, որ այս հարցը քննարկել է Հայաստանի վարչապետի հետ։
«Պետք է աչալուրջ լինել։ Այս իրավիճակում չպետք է մոռանանք 2020 թվականի աշունը։ Այստեղ էլ ամեն ինչ լուծված չէ և շատ անելիքներ կան», - հայտարարեց նախագահ Մակրոնը։
Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ֆրանսիա մարտի 9-ի երեկոյան ավարտվեց։ Մակրոնը Փաշինյանին նախ ընդունեց Ելիսեյան պալատում, ապա երկու ղեկավարները մասնակցեցին հայ-ֆրանսիական համաժողովին, որտեղ երկուսն էլ ելույթ ունեցան։
Վարչապետ Փաշինյանն իր ելույթում ընդգծեց 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիայի՝ Հայաստանին հայտնած համերաշխությունը։ «Մասնավորապես, կցանկանայի հիշեցնել, որ նախագահ Մակրոնը համաշխարհային առաջնորդներից առաջինն էր, ով հստակ և անկողմնակալ գնահատական տվեց տեղի ունեցած իրադարձություններին: Նույն կերպ ֆրանսիական հասարակությունը նեցուկ կանգնեց Հայաստանին ամենադժվար պահին, ինչն արտահայտվեց նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ ի պաշտպանություն արցախահայության իրավունքների ընդունած բանաձևերում», - ասաց Հայաստանի վարչապետը:
Խոսելով Արցախյան հարցից՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ Ֆրանսիայի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների միջնորդական ջանքերով տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, և կնպաստեն հաղորդակցության ուղիների բացմանը։
«Այս համատեքստում կցանկանայի վերահաստատել Հայաստանի բարձր գնահատականը Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, կարևոր դերակատարությանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում, և հույս հայտնել, որ մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքերը թույլ կտան խաղաղություն հաստատել տարածաշրջանում և նպաստել հաղորդակցության ուղիների բացմանը ու տնտեսական համագործակցության խթանմանը», - նշեց վարչապետը:
Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը երկօրյա այցով էր Ֆրանսիայում։ Պատվիրակության կազմում էին արտաքին գործերի, առողջապահության, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներն ու այլ պաշտոնյաներ։
Մակրոնը Փաշինյանին Ֆրանսիա է հրավիրել մարտի 4-ին, երբ ուղերձ էր հղել Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։