Մատչելիության հղումներ

Մակրոնը ՆԱՏՕ-ի գործընկերներին հորդորում է առերեսվել Թուրքիայի վարքագծին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիան մեղադրում է Թուրքիային սիրիացի ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ: Այս «լուրջ նոր փաստը» փոխում է իրավիճակը, ասել է նախագահ Էմանյուել Մակրոնը:

Թուրքիան, ինչպես հայտնի է, հերքում է վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողություններին:

«Այժմ մենք ունենք տեղեկատվություն, որը ցույց է տալիս, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ [քաղաք Թուրքիայի հարավ-արևելքում, նախկին Այնթապ]՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի թատերաբեմ հասնելու համար», - երեկ Բրյուսելում անցկացվող Եվրամիության գագաթնաժողովին հասնելուն պես լրագրողներին ասել է Մակրոնը: «Սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Այսօր Մակրոնը Թուրքիայից պահանջել է բացատրել ջիհադիստ գրոհայինների ժամանումը Ադրբեջան և ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել իր դաշնակցի գործողություններին, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:

«Կարմիր գիծը հատվել է, ինչը անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:

Հինգշաբթի օրը ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

XS
SM
MD
LG