Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երևանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը


ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում
ՀՀ ԱԳՆ շենքը Երևանում

Պաշտոնական Երևանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի մեկնաբանությունում մասնավորապես ասված է՝ Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարևոր է համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։

«Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը», - ասված է մեկնաբանությունում։

Ֆրանսիայի Ազգային ժողովը նոյեմբերի 3-ին 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունեց Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձևը։ Նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը, որը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG