Մատչելիության հղումներ

Թոշակառուն դժվարանում է հաշվարկել՝ ինչպես ծախսի թոշակը, երբ սննդամթերքի գնաճը 11 տոկոս է


Կարո Համբարձումյանը 78-ամյա միայնակ թոշակառու է, իր սերնդից շատերի համեմատ ավելի բարձ թոշակ է ստանում՝ 53 հազար դրամ, սակայն այս գումարը իր համեստ ծախսերի մի մասին է միայն բավարարում։

«Ջուրը, հոսանքը, 80 հազարին մոտիկ տվել եմ կոմունալների վարձ, հլը դուք հաշվարկ արեք 80 հազարից հանած 53 հազար, էդքան ես օգնություն եմ ստացել, որ մենակ կոմունալներս վճարեմ: Չեմ ասում հաց առնեմ, ջուր առնեմ, պանիր առնեմ, մի բաժակ էլ բան խմեմ, էդ չեմ ասում, էդ ամոթ ա, որ ասեմ, կասեն՝ «թոշակառու մարդը ինչի՞ պետք ա օղի խմի, գինի խմի, պիվա խմի, էդ ամոթ ա», - ասաց Համբարձումյանը:

Մոտ 50 տարի աշխատելուց հետո թոշակի անցած Համբարձումյանը պատմում է՝ քանի որ տեսողության խնդիրներ ունի, տնից գրեթե դուրս չի գալիս, տրանսպորտից չի օգտվում, խնջույքների չի գնում, ընկերների ու հարազատների համար էլ նվերներ չի գնում, այսինքն թոշակով միայն սնունդ է գնում, այն էլ առանց շռայլությունների, բայց գնաճի պայմաններում իր թոշակն անգամ սննդին ու ծխախոտին չի բավարարում։

«Մենակ հացը, մենակ ջուրը, հեսա գազն էլ ամսի 1-ից կթանկանա: Պանիր-մանիր ո՞վ կարա առնի, կարագից թանկ ա պանիրը, 1800-անոց պանիրը դարձել ա 2000 քանի դրամ: Ես չեմ առնում, մեկին խնդրում էի, որ գնան: Առաջ հազար դրամ տալիս էի համ կալբաս էին առնում մի կտոր, համ էլ պանիր, հիմա հազար դրամ տալիս եմ պանիր էլ չեն կարում առնեն», - ներկայացրեց Կարո Համբարձումյանը:

Ծայրը ծայրին մի կերպ հասցնող թոշակառուն մեզ՝ իր այցելուներին հյուրասիրելու համար պահոցից շոկոլադի տուփ ու մրգեր հանեց։ Համբարձումյանի երեխաները, որոնք ունեն սեփական ընտանիքներ, իրեն ֆինանսապես աջակցում են, սակայն հռետորական հարց է տալիս՝ ինչո՞ւ պետք է չկարողանա հոգալ իր ծախսերն ինքնուրույն։

«Իրանք իմ կոմունալները վճարեն, ինձ ճաշ եփեն բերեն, չի կարելի: Էն մի երեխաս 5 երեխա ունի, էն մեկը՝ 4 չորս, էն մեկը մի երեխա ունի, գիշեր-ցերեկ իմ մասին են մտածում: Լվացքս լվացել եմ, պարանին փռել եմ, հեչ պետքս չի, իմ համար չեմ մտածում, բայց մարդ եմ, հայ եմ, հենա ազգանունս էլ՝ հայկական իսկական, անունս էլ՝ հայկական, բայց մտածում եմ էս մեր ժողովրդի համար, ուրիշ մտածմունք չունեմ», - նշեց նա:

Ոչ միայն թոշակառու Համբարձումյանը, այլ երկրի գրեթե բոլոր սպառողներն են նկատում սննդամթերքի ու մյուս ապրանքների գնաճը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի սպառողական գների մասին վերջին հաղորդագրության՝ այս տարվա փետրվարին 2021 թվականի փետրվարի համեմատ սննդամթերքի գներն աճել են ավելի քան 11 տոկոսով, ընդ որում՝ որոշ սննդատեսակներ ռեկորդային են թանկացել, օրինակ, բանջարեղնը՝ 31 տկոսով, շաքարավազը՝ 18, պանիրը՝ 17, իսկ գլխավոր ռեկորդը սահմանել է կարտոֆիլը՝ թանկանալով ավելի քան 71 տոկոսով։

Սննդից բացի, բարձրանում են նաև այլ ապրանքների գները՝ հագուստ, վառելանյութեր, այդ թվում՝ բենզին, կահույք, կենցաղային իրեր և այլն, ինչպես նաև ծառայություններ՝ հանգստից մինչև վարսավիրանոցներ։

Գնաճին կառավարությունում ուշադիր հետևում են, սակայն նաև նկատում, որ գները բարձրանում են ամենուր ու գրեթե բոլոր երկրներում։

«Մենք, իհարկե, մանրամասն ուսումնասիրում ենք ամեն մի ապրանքատեսակը, մեր գործողությունները ուղղված են լինելու գնաճի զսպմանը», - էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այս մասին խոսել էր նախորդ հինգշաբթի։

Նրա նշած նախկին քայլերը գնաճը զսպելու վերաբերյալ Կենտրոնական բանկի տիրույթում էին, վերջինս նախորդ ամիս ևս մեկ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը հնարավորինս զսպելու նպատակով։ Գնաճը զսպելու այլ ճանապարհների կամ կենսաթոշակներն ու նպաստները բարձացնելու ծրագրերի մասին առայժմ չի հաղորդվում։ Փոխարենը կառավարության վերջին նիստին չթաքցրեցին՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով սպասվում են նոր թանկացումներ, չի բացառվում անգամ՝ պարենային անվտանգության խնդիր։

XS
SM
MD
LG