Մատչելիության հղումներ

Ապրիլի 1-ից գազը կթանկանա միջինը 4,1 տոկոսով


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշեց բավարարել «Գազպրոմ Արմենիա»-ի՝ կապույտ վառելիքի սակագները ապրիլի մեկից վերանայելու հայտը՝ գազը թանկացնելով միջինը 4,1 տոկոսով։

Կարգավորող հանձնաժողովն անփոփոխ թողեց սակագինն անապահով խավերի համար՝ 100 դրամ, փոխարենն այն բարձրացավ մյուս բոլոր խմբերի համար։ Սովորական սպառողները մեկ խորանարդի համար կվճարեն 143,7 դրամ՝ 4,7 դրամով ավելի։ Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ այսինքն բիզնեսի համար կապույտ վառելիքը թանկացավ շուրջ 3,9, ջերմոցային տնտեսությունների համար՝ գրեթե 4,5 տոկոսով։

Ռուսական «Գազպրոմ Արմենիա»-ն մինչդեռ իր հայտում 6 տոկոս թանկացում էր նախատեսում ու միասնական սակագնի կիրառում։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը պարզաբանեց ՝ կառավարության հետ քննարկումների ընթացքում որոշել են սպառողական առանձին խմբերին տարբեր սակագների սկզբունքը:

«Կառավարության հետ քննարկելով, որ գերակա տնտեսության ուղղությունները նորից պահպանում ենք, այսինքն ջերմոցներն են, գյուղատնտեսության ոլորտում վերամշակող կազմակերպություններն են և սոցիալապես անապահով սոցիալական խմբերը, այսինքն՝ խմբերը ինչ եղել են, նույնը պահպանվել են», - նշեց Բաղրամյանը:

ՀԾԿՀ նիստերին մասնակցող «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ ղեկավար Կարեն Չիլինգարյանն ասում է՝ սպառողական խմբերի համար տարբերակված սակագներ ունենալու մոտեցումը ճիշտ է, շեշտում է՝ այլընտրանք չկա՝ եթե բիզնեսի կամ շատ սպառողների համար գազը չթանկացնեն, ապա սովորական քաղաքացիների ուսերին ավելի մեծ բեռ կմնա:

«Սպառողն ավելի կտուժեր, որովհետև այնպես էլ արդեն սպառողն արդեն տուժած է այն իմաստով, որ տարբեր ոլորտներում թանկացումներ են, աշխատավարձի բարձրացում, եկամուտների բարձրացում չի եղել և աղքատության շեմն է բարձրացել», - նշեց Չիլինգարյանը:

Այսպիսով՝ տարվա առաջին ամիսներին թանկացան բոլոր կոմունալ ծառայությունները, ավելի վաղ ավելացել էին ջրի, ապա նաև հոսանքի սակագները: Փորձագետների կանխատեսմամբ՝ այս թանկացումները հնարավոր է ավելի սրեն հայաստանցիների սոցիալական վիճակն ու հանգեցնեն ապրանքների ինքնարժեքի ավելացմանը։

Երևանցիներն «Ազատության» հետ զրույցում շեշտում էին՝ իրենց չավելացող եկամուտների ֆոնին կոմունալ թանկացումներն ավելի շատ են հարվածելու իրենց գրպաններին:

Հոսանքի ու գազի թանկացումն, ըստ էության, հայ- ռուսական ավելի քան 2 տարի տևած գազային բանակցությունների արդյունքն են, անցած ամիս «Ազատության» հարցմանն ի պատասխան կառավարությունից ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները դրական որակեցին՝ նշելով՝ սահմանին գազի գինը 10 տարով անփոփոխ թողնելու հնարավորություն կա։ Նույնն այսօր ասաց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը. «Առնվազն ունենալով 10 տարվա կանխատեսելի սահմանին գազի գին, կարծում եմ, բավականին լավ բանակցություններ արդյունք է»:

Գործադիրից «Ազատությանը» պարզաբանել էին՝ եթե այս տասը տարիների ընթացքում ռուսական կողմն, այդուհանդերձ, որոշի թանկացնել Հայաստան մատակարարվող կապույտ վառելիքը, ապա չեն գործի գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի հետ մյուս պայմանավորվածությունները՝ մասնավորապես, «Գազպրոմ»-ին ավելի վաղ կատարած ներդրումների դիմաց տարեկան 32 միլիոն դոլար վճարելու որոշումը։

XS
SM
MD
LG