Մատչելիության հղումներ

Երկնիշ տնտեսական աճի փոխարեն` ունենք երկնիշ գնաճ այս պահին. տնտեսագետ


Անցած ամիս սննդամթերքի գները Հայաստանում աճել են 17.4%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը թանկացման ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա ընթացքում, փաստում են Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալները։

Եթե այս հունվարին` 2020թ. հունվարի համեմատ սնունդը թանկացել էր 6.6%-ով, ապա հետագա ամիսներին գների աճն արագացավ` հուլիսից հասնելով արդեն երկնիշ ցուցանիշի:

Նույն այդ տվյալների համաձայն, ձուն թանկացել է ավելի քան 26%-ով, շաքարը՝ ավելի քան 20%-ով, կարագի, կաթնամթերքի ու հացի գները ավելացել են մոտ 14%-ով, մսինը` շուրջ 10: Միջին աշխատավարձը, մինչդեռ, պաշտոնական տվյալներով, հոկտեմբերին՝ նախորդ հոկտեմբերի համեմատ բարձրացել է ընդամենը 10%-ով և կազմել գրեթե 200 հազար դրամ:

Հայաստանում գների կայունության երաշխավորը Կենտրոնական բանկն է, որը տարիներ շարունակ` 2017թ.-ից նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%-ից այն հասցնելով 4.25%-ի: Պաշտոնապես հայտարարվում էր, որ այս քաղաքականության նպատակն է մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը` տնտեսության աճը խթանելու համար:

44-օրյա պատերազմից հետո սրընթաց թանկացումների պայմաններում, սակայն, Կենտրոնական դրամատունը վերանայեց այս քաղաքականությունը: Մարտին Գալստյանի գլխավորած կառույցը անցած մեկ տարում արդեն յոթ անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Վերջին փոփոխությունը կատարվեց տասը օր առաջ` տոկոսադրույքը հասցվեց 7.75%-ի՝ նպատակ ունենալով զսպել գնաճը, որն այս տարվա պետբյուջեի համաձայն պետք է կազմեր ընդամենը 4%։ Բայց, ինչպես այդ օրը խոստովանեց Գալստյանը, անգամ լավագույն սցենարի դեպքում այս թիվը կանխատեսածից երկու անգամ ավելի մեծ կլինի:

«Մեր գնահատականների համաձայն` մեր տնտեսական աճի կանխատեսումը տարվա համար կկազմի 4.2%, ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշին, մենք ակնկալում ենք, որ հիմիկվա 9.6-ի համեմատ, որն ունենք, մենք տարին ավարտելու ենք շուրջ 8.4% գնաճով», - ասել է Գալստյանը:

Առանց այս թանկացումների էլ Հայաստանում, պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր երրորդը ապրում է աղքատության մեջ: Հաջորդ տարի սոցիալական իրավիճակը կարող է էլ ավելի սրվել` պաշտոնապես արդեն հաղորդվել է խմելու ջրի թանկացման մասին, ակնկալվում է, որ կբարձրանան նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագները։

Հավանաբար սա է պատճառը, որ մոտ երկու շաբաթ առաջ կառավարությունը որոշեց հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը: Ավելացումը, սակայն, կկազմի 2100 դրամ` նվազագույն թոշակը հասցնելով 28 հազար 600 դրամի։

«Իհարկե, մենք երջանիկ չենք այն չափերից, որոնցով հիմա բարձրացնում ենք կենսաթոշակները, նվազագույն թոշակը, բայց երբ որ եղած բազայի վրա ենք նայում, ինքը տոկոսային բավականին շոշափելի աճ է», - արձանագրել էր վարչապետը:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով` սննդամթերքի միջազգային գների բարձրացումն, իհարկե, ազդել է հայաստանյան գների վրա, սակայն երկրում շարունակվող թանկացումների պատճառը նաև գյուղոլորտում կառավարության ձախողված քաղաքականությունն է. «Մասնավորապես, նշենք, որ գյուղոլորտն այս տարի 9 ամիսների հաշվարկով գրանցել է 1.5% անկում, և այս անկումն էական ազդեցություն է թողել նաև սննդամթերքի գների վրա: Օրինակ` ձվի շուկայի դեպքում մենք ունենք 7.7 % արտադրության անկում, հացամթերքի դեպքում ունենք 30 %-ի անկում, հավի մսի դեպքում ևս անկում կա, այդպես շարունակ: Մի կողմից` համաշխարհային շուկայում գներն են թանկացել, մյուս կողմից` մեր տեղական արտադրության ծավալներն են կրճատվել: Բնականաբար, այս ամենը հանգեցրել է երկնիշ գնաճի սննդամթերքի շուկայում: Երկնիշ տնտեսական աճի փոխարեն` մենք ունենք երկնիշ գնաճ այս պահին»:

Ամիսներ առաջ՝ օգոտոսին կառավարության հաստատած միջնաժամկետ ծրագրի համաձայն` նախատեսվում է առաջիկա հինգ տարում` մինչև 2026թ.-ը, աղքատությունը Հայաստանում կրկնակի կրճատել։ Առայժմ, սակայն, այդ ցուցանիշը միայն ավելանում է: Եթե 2019թ.-ին բնակչության 26.4%-ն էր անապահով համարվում, ապա անցած տարի աղքատների թիվն է՛լ ավելի է շատացել` հասնելով 27%-ի։

XS
SM
MD
LG