Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան հայտնել է, որ նախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կմեկնի արտասահման, որտեղ կմասնակցի միջազգային խոշոր միջոցառմանը:
Զախարովան չի ասել, թե կոնկրետ որ երկիր է մեկնելու Լավրովը, նշելով միայն, որ նախարարի այցի ծրագիրն առաջիկայում կհրապարակվի:
«Իսկապես, ամենամոտ ապագայում ռուսաստանցի նախարարի մոտ նախատեսվում է արտասահմանյան այց և մասնակցություն մի խոշոր միջազգային միջոցառման, կարծում եմ՝ մանրամասների, այդ թվում՝ այնտեղ կայանալիք շփումների մասին արդեն վաղը կհաղորդենք», - ասել է Զախարովան:
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ խոսքը երկկողմ հարաբերությունների մասին չէ:
Այդ առումով ռուսական լրատվամիջոցները նշում են՝ Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ հայտնել են, թե պատրաստ են Անթալիայում մարտի 11-13-ը կայանալիք միջազգային դիվանագիտական հավաքի շրջանակներում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը:
Ենթադրվում է, որ Անթալիայում միջազգային միջոցառման նախօրեին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգոծնախարարներն «Աստանայի ձևաչափով» կքննարկեն Սիրիայի հարցը: