Այս պահին Ռուսաստանի նախագահի մտադրություններն Ուկրաինայում պարզ չեն, նա արդեն սկսել է ռմբակոծել ուկրաինական քաղաքները, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ասաց France 24 հեռուստաընկերության արտասահմանյան գլխավոր խմբագիր Ռոբերտ Փարսոնսը։
«Կիևն արդեն առնվազն մեկ շաբաթ է, ինչ հրթիռակոծվում է: Կիևի համեմատ այլ քաղաքներում, օրինակ՝ Չեռնիգովում, Խարկովում կամ հարավում՝ Մարիուպոլում, իրավիճակը շատ ավելի վատ է: Մարիուպոլը գետնին է հավասարեցվում ռումբերով, հրթիռներով, հրետանու, տանկերի կրակով: Այնտեղ իրավիճակն օրհասական է: Մարիուպոլում ռուսները կարծես կիրառում են նույն մարտավարությունը, ինչ Սիրիայում, օրինակ՝ Հալեպում», - նշեց Փարսոնսը, ով լուսաբանել է Ուկրաինայում ընթացող պատերազմը Կիևից։
«Իրոք, նրանք կարծես փորձում եմ ջարդել ուկրաինացիների՝ դիմադրելու կամքը: Կարծում, որ դա նրանց չի հաջողվի։ Իմ կարծիքով՝ Կիևի պարագայում ռուսները երկընտրանքի են բախվել: Ակնհայտ է, որ Ուկրաինան հպատակեցնելու գործում Կիևը նրանց հիմնական թիրախն է: Սակայն որքան շատ նրանք ռմբակոծեն այդ քաղաքը, այնքան շատ Կիևը կդառնա դիմադրելու խորհրդանիշ, և նրանց մուտքը քաղաք կդժվարանա, քանի որ նրանք անվտանգ չեն զգալու այնտեղ: Որքան շատ լինեն փլատակները, այնքան ավելի հեշտ է լինելու ուկրաինացիների համար պաշտպանել քաղաքը և այնքան ավելի դժվար է լինելու ռուսների համար գրավել այն», - ասաց լրագրողը՝ շարունակելով․ - «Այս պահին կասկած չկա, որ ուկրաինական կողմի դիմադրությունն ուժեղ է, ուկրաինական բանակը հիմնականում կանգուն է, որ Արևմուտքից զենքի մատակարարումներն անընդհատ ավելանում են: Ուկրաինացիների մարտական ոգին շատ բարձր է: Իմ տպավորությամբ, իսկ ես խոսում եմ ոչ միայն կանոնավոր բանակի մասին, այլ նաև այն մարդկանց մասին, ովքեր միանում են տարածքային պաշտպանության ջոկատներին, նրանց մարտական ոգին չափազանց բարձր է: Նրանք հավատացած են, որ կհաղթեն այս պատերազմում, որովհետև նրանք պաշտպանում են իրենց հայրենի հողը, իրենց տները, ու գնալու այլ տեղ չունեն: Նրանք չեն պատրաստվում հանձնվել»:
Փարսոնսի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի համար շատ դժվար է լինելու հասնել Ուկրաինայում իր վերջնանպատակներին․ - «Պետք է հիշել, թե որքան երկար տևեց Չեչնիայում պատերազմը, մինչև ռուսներին վերջապես հաջողվեց հասնել հաղթանակի՝ այն տևեց 7 կամ 8 տարի: Ու այդ պատերազմը մի տարածքում էր, որ երևի Փարիզի չափ է։ Ու այդ տարածքի՝ Չեչնիայի բնակչությունը կազմում էր 500 հազար կամ 600 հազար մարդ: Այսօր մենք խոսում ենք մի երկրի մասին, որը տարածքով Ֆրանսիայից մեծ է: Ուկրաինան ավելի քան 40-միլիոնանոց բնակչություն ունի: Այդ երկիրն ունի կանոնավոր բանակ, որի կազմում ընդգրկված են 200 հազար զինծառայողներ: Ամեն օր տարածքային պաշտպանության համար զինվորագրվող մարդկանց քանակն ահռելի է: Ըստ Ուկրաինայի կառավարության՝ մինչ այս պահը 66 հազար ուկրաինացի վերադարձել է արտերկրից՝ զինվորագրվելու և բանակին միանալու համար»:
«Այնպես որ, ռուսների համար հեշտ չի լինելու, նույնիսկ եթե նրանց հաջողվի օդում գերակայության հասնել: Իսկ այս պահին, իմ դիտարկմամբ, նրանք օդում որևէ գերակայություն չունեն ու ստիպված են հիմնականում թռչել գիշերով, ցածր՝ ոչ միայն այն պատճառով, որ ուկրաինական օդուժը կարծես հիմնականում պահպանվել է, թեև շատ դժվար է դատել, այլ նաև այն պատճառով, որ ուկրաինական կողմն այժմ շատ «երկիր-օդ» հրթիռներ ունի: Ռուսական օդուժի համար շատ դժվար է լինելու», - ասաց Փարսոնսը։ - «Նրանք կունենան մեծ կորուստներ։ Ռուսական կողմն արդեն ընդունել է, որ մոտ 500 զինվոր է կորցրել: Ուկրաինացիներն ասում են, որ ռուսական կողմի կորուստները հասնում են 9 հազարի: Բրիտանական և ֆրանսիական հետախուզություններում կարծում եմ, որ Ուկրաինայի նշած թվերը միգուցե չափազանցված են, սակայն իրական թվերը ավելի շատ մոտ են ուկրաինական կողմի նշածին, քան՝ ռուսական կողմի: Պետք է հասկանալ, որ ի վերջո դա նաև ազդեցություն է ունենալու Ռուսաստանում տրամադրությունների վրա: Այնտեղ մարդիկ արդեն իսկ զգում են կենսամակարդակի անկումը, իսկ երբ հայտնի դառնա, որ նրանց երեխաները զոհվում են այլ երկրում չգիտես հանուն ինչի, տրամադրությունները Ռուսաստանում սկսելու են կտրուկ անկում ապրել: Վլադիմիր Պուտինի համար բոլորովին էլ հեշտ չի լինելու»:
Լրագրողի կարծիքով՝ Պուտինն ամբողջովին սխալվել է իր հաշվարկների մեջ։ «Անկեղծ ասած, քչերը կմտածեին, որ Արևմուտքը նման կերպ կհամախմբվի այս հակամարտության ընթացքում: […] Ելնելով նախկինի փորձից, որ Արևմուտքն ավելի շուտ խոսում է, քան գործում, հնարավոր է, որ նա այս անգամ սխալ հաշվարկ արած լինի՝ մտածելով, որ նույնը տեղի կունենա նաև հիմա: Սակայն, ինչպես մենք արդեն կարող ենք տեսնել, նա լրջորեն սխալվել է իր հաշվարկներում: Արևմուտքում աննախադեպ համախմբում կա: Արևմուտքը միասնաբար կիրառել է ամենակոշտ պատժամիջոցները, որ երբևէ կիրառվել են խոշոր երկրի դեմ»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման կամ ՆԱՏՕ – Ռուսաստան բախման հնարավորության վերաբերյալ մտավախություններին, Ռոբերտ Փարսոնսը կարծիք հայտնեց, որ դա «շատ քիչ հավանական է»: «Բնականաբար, նաև հնարավոր է», - հավելեց լրագրողը՝ մանրամասնելով․ - « Երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, օրինակ՝ Լեհաստանից, Բալթյան երկրներից, այդքան մոտ է ընթանում պատերազմը, պարզ է, որ միշտ էլ ռիսկ կա, որ կլինի մի միջադեպ, որ շատ արագ կարող է վատթարացնել իրավիճակը և բարձրացնել միջուկային առճակատման վտանգը: Բայց կարծում եմ, որ այս փուլում դա շատ քիչ հավանական է: Կարծում եմ՝ չափազանց անհավանական է, որ ռուսներն Ուկրաինայում միջուկային զենք կկիրառեն: Եթե նրանք անեն դա, ապա ՆԱՏՕ-ի ներգրավման ռիսկի առաջ կկանգնեն: Կարծում եմ, որ այս փուլում նրանք չեն ուզում մեծացնել այս հավանականությունը: Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ բավարար ռազմական առավելություն ունի, որպեսզի շարունակի անել այն, ինչ անում է հիմա: Կարծում եմ՝ շատ քիչ հավանական է, որ նրանք միջուկային զենք կկիրառեն»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․