Մատչելիության հղումներ

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված կարգավորման նոր գործընթացը


Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյք
Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյք

Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը հրաշալի զարգացում է համարում Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված կարգավորման նոր գործընթացը:

Անցած ամիս դեսպանի լիազորությունները ստանձնած Ֆլեյքը Anadolu գործակալության հետ զրույցում անդրադառնալով Անկարայի արտաքին քաղաքական օրակարգին, խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին. - «Մենք գոհունակությամբ ենք ընդունում այս գործընթացը: Ռուսաստանում տեղի ունեցած առաջին հանդիպումը և այժմ էլ Վիեննայում կայանալիք հանդիպումը մեզ շատ է ուրախացնում: Այս զարգացումներն իսկապես գոտեպնդող են: Ստամբուլ-Երևան ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը ևս կարևոր ազդակ է»։

Ջեֆրի Ֆլեյքի թեկնածությունը որպես Անկարայում ԱՄՆ դեսպան Սենատում հաստատվեց անցած տարվա հոկտեմբերին: Հունվարի սկզբին նա ժամանեց Անկարա՝ փոխարինելով Դեյվիդ Սաթերֆիլդին:

Գարո Փայլան
Գարո Փայլան

Երևան-Անկարա այս նոր երկխոսությունը հնարավորության պատուհան է համարում նաև թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Նախօրեին խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա հիշել է 1993-ի և 2009-ի կարգավորման ձախողված փորձերը՝ ընդգծելով, որ հիմա խաղաղության նոր առիթ է ստեղծվել. - «Այժմ այդ արհավիրքից, պատերազմից հետո բոլորը ստացան իրենց դասը և նորից խաղաղության մասին մտածելու շրջան ենք մտել: Ե'վ Հայաստան-Ադրբեջան բանակցություններ են ընթանում, և' Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթաց է գնում, և տեսնում եմ, որ Թուրքիայի քաղաքական բոլոր կուսակցությունները աջակցում են այս օրակարգին: Հնարավորության պատուհանները կարող են անցողիկ լինել, երկաթը պետք է տաք-տաք ծեծել: Քանի որ պատերազմում բոլորս ենք պարտվել, կարող ենք այնպիսի տեսլական առաջ քաշել, որ բոլորս հաղթենք»: Կարող ենք կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի հետ: Խնդիրներ կարող են լինել, բայց կարող ենք երկու կողմում էլ դիվանագետներ ունենալ, բացել սահմանները, գործարկել տարածաշրջանային տնտեսական ծրագրեր, որոնցից երկու կողմն էլ օգուտ կքաղեն: Այսպես կշահի և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի ժողովուրդը»:

Երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին դրական են արտահայտվում նաև Հայաստանի հետ սահմանակից նահանգների բնակիչները, որոնք ուշի-ուշով հետևում են բանակցային գործընթացին: Anadolu գործակալությունը զրուցել է հայ-թուրքական սահմանին գտնվող Կարսի Աքյաքա շրջանի բնակիչների հետ, որոնք հիշում են այն ժամանակները, երբ Գյումրի-Կարս երկաթուղին դեռ գործում էր: Մինչև 1993 թվականը՝ սահմանի փակումը, երկաթուղում շուրջ 6 տարի աշխատած Իլիմ Գյոքթաշը հույս ունի, որ սահմանները նորից կբացվեն և տարածաշրջանում խաղաղություն ու տնտեսական բարգավաճում կլինի. - «Այն ժամանակ Հայաստանից ածուխ, արևածաղիկ, բամբակ, երկաթ էին բերում: Այդ ժամանակ այս շրջանից շատ մարդիկ էին սահմանին աշխատում: Մենք Հայաստանից ու Ռուսաստանից եկող բեռները թուրքական վագոնների մեջ էինք տեղափոխում: Շատ զբաղված էինք, առավոտյան ու երեկոյան գնացք էր գալիս ու մոտ 600 տոննա բեռ բերում, օրական 1200 տոննա: Հիմա սահմանային առևտուր չունենք, ուզում ենք, որ սահմանները բացվեն և նորից առևտուր լինի: Սահմանների բացումը ակտիվություն կբերի այս շրջան»:

Տեղական հեռուստաընկերություններից մեկի հիմնադիր, գործարար Ալիջան Ալիբեյօղլուն ևս կարծում է, որ սահմանների բացմամբ առևտրատնտեսական լայն հնարավորություններ կստեղծվեն. - «Այստեղից ձգվող երկաթուղին ու ավտոճանապարհը մեզ համար շուկա է բացում ոչ միայն դեպի 3 միլոնանոց Հայաստան, այլ տանում է մինչև Չինաստան, Սիբիր ձգվող նախկին Մետաքի ճանապարհ: Սահմանի բացումից կշահեն Կարսն ու այս շրջանի քաղաքները»:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նաև Թուրքիայի բարձր ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ ընթացող կառավարության նիստում քննարկվում է նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով տարվող հայ-թուրքական բանակցությունների ներկայիս վիճակը:

Հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը երկրորդ անգամ կհանդիպեն փետրվարի 24-ին Վիեննայում։ Առաջին հանդիպումը Մոսկվայում էր հունվարի 14-ին։ Հայկական կողմը հայտարարել է, որ այս անգամ առավել առարկայական քննարկում է ակնկալում սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG