Մատչելիության հղումներ

«Եթե հարաբերություններում նոր խնդիր չառաջանա, հավատում եմ, որ նախապաշարմունքները կփոխվեն». Օսման Քավալա


Թուրք հասարակական գործիչ Օսման Քավալա
Թուրք հասարակական գործիչ Օսման Քավալա

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով, կալանավորված հասարակական գործիչ Օսման Քավալան բանտից «Ակոս» պարբերականին տված հարցազրույցում դրական է գնահատել երկուստեք հատուկ բանագնացների նշանակումը՝ միևնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ անկեղծ բարեկամության համար բավականին ժամանակ կպահանջվի։

«Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը, որը Թուրքիայի քաղաքացիական հասարակության ամենահայտնի գործիչներից է, նախքան չորս տարի առաջ բանտում հայտնվելը ակտիվ դեր ուներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հանրային դիվանագիտության ասպարեզում։ Քավալան նամակագրության միջոցով է պատասխանել «Ակոսի» լրագրողի հարցերին։

«Անկեղծ բարեկամության տարածման համար ժամանակ կպահանջվի: Եթե հարաբերություններում նոր խնդիր չառաջանա, հավատում եմ, որ նախապաշարմունքները կփոխվեն։ Եթե հանրային ուժերի, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ անկեղծ խաղաղ գործընթաց ընթանա, ապագային միտված հույսերը կկենդանանան և ժամանակի ընթացքում վշտերը կմնան մշուշե վարագույրի հետևում»,- ասել է Քավալան:

Անվանի հասարակական գործիչը տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար:

Տարիներ առաջ նա այցելել էր Երևան, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ և թուրք հասարակություններին լավ ճանաչող 64-ամյա Քավալան համարում է, որ մշակութային առումով հայերն ու թուրքերը իրար մոտ ժողովուրդներ են և շատ ընդհանրություններ ունեն: Սակայն քաղաքական և գաղափարախոսական խնդիրների պատճառով ամեն ինչ փոխվում է:

Անդրադառնալով ղարաբաղյան վերջին պատերազմին՝ Քավալան կարծիք է հայտնել, որ տարածաշրջանում ծագած պատերազմները հնարավոր էր կանխել, սակայն քաղաքական գործիչները այլ ճանապարհով գնացին:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացի մասին՝ Քավալան նկատում է, որ այժմ կողմերը կարծես ուղիղ բանակցություններ են սկսել՝ առանց քաղհասարակության ներգրավման: Նրա համոզմամբ, իրական խաղաղության համար անհրաժեշտ է, որ երկխոսություն լինի և՛ կառավարությունների, և՛ քաղհասարակությունների միջև:

«Եթե քաղաքական գործիչները լուծում չկարողանան գտնել և ջանքեր չգործադրեն, քաղաքացիական նախաձեռնությունների ազդեցությունը սահմանափակ կլինի։ Բացասական քաղաքական գործընթացները ևս վատ են անդրադառնում քաղհասարակության աշխատանքի վրա: Սրան ի հակառակ, քաղաքական հարթակում սկսված երկխոսությունները քաղհասարակության համար էլ աշխատելու լայն դաշտ են ստեղծում, ինչն էլ նպասավոր միջավայր է ապահովում քաղաքական խնդիրների լուծման համար», - ասել է Քավալան:

Նրա համոզմամբ, հայ-թուրքական կարգավորման ուղղությամբ տարիներ շարունակ աշխատող հասարակական կազմակերպությունների և այս բնագավառում գործող բազմաթիվ մարդկանց միջև ամուր բարեկամական կապեր են հաստատվել, ինչը արժեքավոր հիմք է այս նոր գործընթացի համար. - «Այս առումով Հրանդ Դինքի հիմնադրամի ներդրումը շատ կարևոր է: Հավատացած եմ, որ ստեղծված վստահելի կապերն ու բարեկամությունը լավ ներդրում է ներկայիս գործընթացի համար և ավելի դյուրին է դարձնում երկխոսությունն ու համագործակցությունը»:

Օսման Քավալան անազատության մեջ է 2017 թվականի նոյեմբերից, ընդ որում՝ առանց դատավճռի: Նա մեղադրվում է 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու համար։

Թուրք գործիչը հերքում է մեղադրանքները, իսկ ՄԻԵԴ-ը դեռ երկու տարի առաջ էր որոշել, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Նույն կոչը բազմիցս հնչեցրել են նաև Վաշինգտոնն ու Եվրամիության երկրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG