Թուրքերը խորհրդարանում փաստաթուղթ են վավերացնում, Հայաստանն ասում է՝ դրական ազդակներ ենք ստանում, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ազատություն». - 10 օրից հայ-թուրքական բանակցությունների երկրորդ փուլն է, չնայած ձեր պնդումներին, որ կան նախապայմաններ, Անկարայի պաշտոնական հաղորդագրությունում եղավ հակառակը, որ շարունակում են բանակցությունները առանց նախապայմանների:
Մանուկյան. - Սա գիտե՞ք ինչի է նման, որ դուք ինձ զանգել հրավիրել եք ձեր հաղորդմանը, բայց ասում եք մի պայման՝ պետք է, օրինակ, շագանակագույն կոստյում չհագնեմ, հագնեմ կապույտ կոստյում, ես մի քիչ երանգը փոխած, բայց կապույտ գույնի կոստյումով եմ գալիս և համարում ենք, որ ձեր նախապայմանը ես չեմ ընդունել: Երեք նախապայմանի մասին է Թուրքիան խոսում. առաջինը Արցախի հարցն է, որ Արցախը Ադրբեջան է:
Նիկոլ Փաշինյանը այդ մենախոսություն-ասուլիս կոչվածները, որ տալիս է, ուղղակի անկեղծ եմ ասում, այլևս դիմանալու չի, որովհետև կարելի է բանավեճ ունենալ՝ ազատագրված տարածքները ետ տալ, թե ոչ: Նույն Լևոն Տեր-Պետորսյանը չէ՞, ծայրահեղ գաղափարական հակասության մեջ են, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը իր տեսակետը հիմնավորելու մեջ չեմ կարծում, որ նրա մտքով կանցներ, ադրբեջանական բոլոր թեզերը երբեք չէր գործածի: Այսօր Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է, թե ինչի Արցախը պետք է Ադրբեջանի կազմում մնա, բոլորը ադրբեջանական թեզերով, նախապայմանը կատարվել է, թե չէ:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում. թուրքերն ասում են՝ չպետք է դրանով զբաղվեք: Ես ուղղակի ասում եմ 2021-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը Հայաստանի Արտգործնախարարությունը հայտարարություն է անում, մեջը մի բառ չկա Հայոց ցեղասպանության մասին:
«Ազատություն».- ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովում անցած ամիս արդեն դրել էին այդ հարցը, խորհրդարանում Արարատ Միրզոյանն էր ասում:
Մանուկյան. - Խորհրադրանում ասելը.... Պարսիկն ասում է՝ հալվա-հալվա ասելով բերանդ չես քաղցրացնի:
«Ազատություն». - Պարոն Մանուկյան, փաստն այն է, որ Երևանն ասում է՝ առանց նախապայմանների, Թուրքիան ասում է՝ առանց նախապայմաններին:
Մանուկյան. - Թուրքական նախապայմանները կատարվել են, չորրորդը նոր նախապայման է՝ «Զանգեզուրի միջանցք»:
«Ազատություն». - Դա չի կատարվել, ասում են՝ չենք տալու:
Մանուկյան. - Շուշիի հռչակագիրը, որ անցած տարի հունիսի 15-ին՝ խորհրդանշական օր ադրբեջանցիների համար, ընդունվեց, անցնող երկու շաբաթում վավերացվել է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից, որտեղ հստակ արձանագրվում է «Զանգեզուրի միջանցք» դրույթը: Հայաստանի պետությունը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի սպառնալիքով խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթին մի բառ չի արձագանքել: Փոխարենն ի՞նչ է ասում Արարատ Միրզոյանը, Թուրքիայից ստանում ենք դրական ազդակներ: Թուրքերը խորհրդարանում փաստաթուղթ են վավերացնում, որ ցանկացած վտանգի դեպքում ինքն ու Ադրբեջանը երկուսի զինված ուժերը համատեղ և այլն, և այլն, Հայաստանն ասում է՝ դրական ազդակներ ենք ստանում: Ռուսական խոսք կա, ասում է՝ ծեծում է, նշանակում է՝ սիրում է, էդ տրամաբանությամբ է Հայաստանը շարժվում: