Ողջ աշխարհի ուշադրությունն այս օրերին սևեռված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որն ավելի քան 100 հազարանոց ռուսական զորք է տեղակայել Ուկրաինայի սահմանների մոտ։ Փորձագետները կարծում են, որ Պուտինը կարող է բարդ դրության մեջ հայտնվել՝ փորձելով ուժեղացնել Ռուսաստանի դիրքերն աշխարհում:
Ռուսաստանի նախագահը տևական լռությունից հետո երեքշաբթի օրը հանդես եկավ հայտարարությամբ՝ ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մեղադրելով աճող լարվածության համար։
«Նրանց [Միացյալ Նահանգների] գլխավոր նպատակը Ռուսաստանին ճնշելն է, սա է խնդիրը: Այս առումով, Ուկրաինան, ինքնին, այդ նպատակին հասնելու համար պարզապես գործիք է: Դեպի այդ նպատակը տանող տարբեր միջոցներ կան, դրանցից մեկը՝ մեզ ինչ-որ զինված հակամարտության մեջ ներքաշելն է», - նշել է Պուտինը:
Փորձագետները, սակայն, ընդգծում են, որ հենց Պուտինն է ավելի քան 100 հազար ռուսական զորք տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին, Ղրիմում, Բելառուսում, վերահաստատելով դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառելու, ինչպես նաև Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրումից հրաժարվելու մասին իր պահանջը։ Ռազմական ուժեր կուտակելով՝ Պուտինն ինքն է փակուղի մտել, կարծում է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ռազմական վերլուծաբան Ջեֆրի Էդմոնդսը:
«Նրա առավելապաշտական նկրտումները, ինքն էլ կարծում եմ՝ գիտի, մեր կողմից, իրականում, չեն կարող բավարարվել։ Մենք ՆԱՏՕ-ին 1997 թվականից հետո անդամակցած պետություններից զորքը հեռացնելու նրանց պահանջը չենք պատրաստվում բավարարել։ Այս առումով, կարծում եմ, Պուտինն այժմ սպասողական վիճակում է՝ ճիշտ ռազմական դիրաքավորման է պատրաստվում Ուկրաինայի սահմանին, նախքան բուն ռազմական գործողություններ սկսելը», - ընդգծել է Էդմոնդսը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Պուտինն ու նա իրար հասկացել են։ Բայդենը հավելել է նաև, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։ Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ Պուտինը մտադիր է այդ կերպ վերահաստատել, որ Ռուսաստանի աշխարհի գերտերությունների շարքում խոշոր խաղացող է։
«Եվ նա կարծում է, որ աշխարհը պետք է Ռուսաստանին վերաբերվի այնպես, ինչպես Խորհրդային Միությանը: Պուտինը չի ցանկանում վերականգնել Խորհրդային Միությունը, բայց ուզում է, որ Ռուսաստանին վերաբերվեն որպես գերտերության, որի կարծիքի հետ հաշվի են նստում։ Նա ցանկանում է, որ մարդիկ ինչ-որ առումով վախենան Ռուսաստանից՝ ընդունելով ազդեցության գոտիներ ունենալու իր իրավունքները», - նշել է Բրուքինգս հաստատության փորձագետ Անգելա Սթենքը:
Որոշ փորձագետների կարծիքով՝ Պուտինը, ամենայն հավանականությամբ, Արևելյան Ուկրաինան, որտեղ 2014-ին Ղրիմի բռնակցումից հետո պատերազմի հավանականությունը եռում է, ընկալում է որպես Ռուսաստանի մաս։
«Այդ առումով, կարծում եմ, որ Պուտինը գուցե ընդունի, որ Արևմտյան Ուկրաինան իսկապես ուկրաինական է և, հավանաբար, քաղաքական և մշակութային առումով Եվրոպայի մասը: Նրա աչքերում, սակայն, Արևելյան Ուկրաինան պատմական Ռուսաստանի անբաժան մասն է», - կարծիք է հայտնել Գերմանական Մարշալ հիմնադրամի փորձագետ Մայքլ Քիմմաջը:
Բայց Պուտինն իրականում ամենից շատ վախենում է սեփական ժողովրդի ապստամբությունից, կարծում է «Մագնիտսկի Արդարադատություն» նախաձեռնության հիմնադիր Բիլ Բրոուդերը:
«Միջին վիճակագրական ռուսաստանցին հիմա շատ ավելի ծանր վիճակում է, քան այն ժամանակ, երբ Պուտինը առաջին անգամ նախագահ ընտրվեց. հենց նա է այս իրավիճակի պատասխանատուն։ Այդ ամենը գիտակցելով, նա տիպիկ բռնապետի ռազմավարություն է որդեգրել՝ երբ մարդիկ բարկացած են քո վրա, այդ բարկությունն ուրիշի վրա ուղղիր։ Պատերազմ սկսիր», - նշել է Բչոուդերը։
Ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում՝ Պուտինը ընդհանրապես չանդրադարձավ իր քննադատների հանդեպ կիրառված լուրջ բռնաճնշումներին։ Նրանցից մեկը՝ Կրեմլի ամենասուր քննադատ, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, բանտարկվել է մեկ տարի առաջ՝ թունավորումից փրկվելուց հետո։