Մատչելիության հղումներ

Ուկրաինա ներխուժումն աղետ կդառնա Ռուսաստանի համար, զգուշացնում է Բայդենը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունվարի, 2022թ․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունվարի, 2022թ․

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «աղետ կդառնա» Մոսկվայի համար, երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Եթե նրանք [Ռուսաստանի իշխանությունները] անեն այն, ինչի ընդունակ են՝ սահմանին կենտրոնացված իրենց ուժերով, դա աղետ կլինի Ռուսաստանի համար», - Սպիտակ տանը կայացած ասուլիսում ասել է Միացյալ Նահանգների նախագահը։

Բայդենը հավելել է, որ ԱՄՆ գործընկերներն ու դաշնակիցները «պատրաստ են լուրջ վնաս հասցնել ռուսական տնտեսությանը»։

Ոչ մի հիմք չկա պնդելու, որ ՆԱՏՕ-ի անդամները միասնական չեն լինի ռուս-ուկրաինական սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին Ռուսաստանի Դաշնության դեմ պատասխան գործողությունների հարցում, հավելել է ԱՄՆ նախագահը։

Միացյալ Նահանգների հանրապետական սենատորներն էլ հայտարարել են, որ դեմոկրատների հետ աշխատում են Ուկրաինային օգնելու նոր օրինագծի վրա: Նրանք առաջարկում են Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում անջատել ռուսական բանկերը SWIFT վճարային համակարգից:

Անցյալ շաբաթ հանրապետական Թեդ Քրուզի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր «Հյուսիսային հոսք 2»-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառում, չընդունվեց Սենատի կողմից։ Օրինագծի քննադատները նշում էին, որ այն կարող է վատթարացնել ԱՄՆ-ի հարաբերությունները դաշնակիցների, առաջին հերթին՝ Գերմանիայի հետ:

Ավելի վաղ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն էր օրինագիծ առաջարկել, որը պատժամիջոցներ էր նախատեսում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, եթե Ուկրաինայի վրա հարձակում լինի:

Սենատոր Քևին Քրամերը լրագրողներին ասել է, որ «ավելի լավ է ընդունել ինչ-որ բան, քան՝ ոչինչ», հավելելով, որ արդեն իսկ առկա տարբեր առաջարկները կարող են միավորվել մեկ օրենսդրության մեջ:

Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանն այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից:

XS
SM
MD
LG