Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնն այսօր հեռախոսով զրուցելու է Վլադիմիր Պուտինի հետ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմրի Պուտինը, արխիվ, Բեռլին, 19 հունվարի, 2020թ.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմրի Պուտինը, արխիվ, Բեռլին, 19 հունվարի, 2020թ.

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր պետք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը:

Բրիտանիայի կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտնել է, որ ցանկանում է նպաստել ռուս-ուկրաինական սահմանին հետզհետե սրվող ճգնաժամի թուլացմանը:

Նա, մասնավորապես, մտադիր է Պուտինին ասել, որ «ցանկացած ներխուժում Ուկրաինայի տարածք կդառնա բացարձակ աղետ աշխարհի ու նախ և առաջ Ռուսաստանի համար»: Ջոնսոնը մտադիր է Պուտինին կոչ անել «հեռու մնալ Ուկրաինայից»:

Այսօրվա զրույցից հետո Ջոնսոնը վաղը՝ փետրվարի 1-ին, մեկնելու է Կիև, որտեղ նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այցի ընթացքում Բրիտանիայի վարչապետին ուղեկցելու է արտգործնախարար Լիզ Թրասսը:

Վերջին ժամանակաշրջանում արևմտյան երկրներում նշում են, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ ասել է, թե Ուկրաինան և արևմտյան երկրները կարող են դիմել սադրանքների, որոնք կհանգեցնեն ռազմական գործողությունների, ինչից հետո Ուկրաինան կարող է փորձել ռազմական եղանակով լուծել Դոնբասի հիմնահարցերը: Պեսկովի փոխանցմամբ, «դա կունենա աղետալի հետևանքներ»:

Մոսկվան հավաստիացնում է, որ չունի Ուկրաինա ներխուժելու որևէ մտադրություն և պնդում է, որ այդ երկրի սահմանների մոտ գտնվող շուրջ 100 հազարի հասնող բանակը որևէ երկրի համար սպառնալիք չի հանդիսանում:

XS
SM
MD
LG