Մատչելիության հղումներ

Պուտինը ծանոթացել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններին․ Մոսկվայի պատասխանը չի ուշանա


Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն գրավոր պատասխանեցին անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջներին, ըստ էության մերժելով դրանք, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել երկխոսությունը։

ԱՄՆ-ի պետքարտուղարը հույս է հայտնել առաջիկա օրերին դրանք քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Վլադիմիր Պուտինը ծանոթացել է ստացված փաստաթղթերին և Մոսկվան չի ձգձգի պատասխանը։

«Կոնկրետ ամսաթիվ ես չեմ կարող ասել, հասկանալի է, որ արձագանքը չի ձգձգվի, բայց անհեթեթ է սպասել, թե հաջորդ օրը պատասխան կլինի»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է՝ ստացված պատասխաններում հիմնական հարցով դրական արձագանք չկա:

«Իսկ գլխավոր հարցը, հանդիսանում է մեր հստակ դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ի դեպի արևելք հետագա ընդլայնումն անթույլատրելի է, ինչպես նաև հարվածային սպառազինությունների տեղակայումները, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին, - ասել է Լավրովը։

Անվտանգության երաշխիքների մասին Մոսկվային փոխանցված պատասխանում ԱՄՆ-ն և դաշնակիցները նաև ներկայացրել են իրենց մտահոգությունները Ռուսաստանի գործողությունների հետ կապված, որոշ ոլորտներում համագործակցության առաջարկներ են արվել, իսկ ՆԱՏՕ-ի ընդարձակումը կասեցնելու վերաբերյալ առաջարկը միանշանակ մերժվել է։ Վաշինգտոնի պատասխանի էությունը երեկ երեկոյան ներկայացրել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ առանցքային սկզբունքները անխախտ են, և մենք պատրաստ են պաշտպանել դրանք։ Այն վերաբերում է նաև Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրների իրավունքին՝ ինքնուրույն ընտրելու իրենց ապագան ու դաշնակիցներին», - ասել է պետքարտուղարը, նշելով որ ԱՄՆ-ն միաժամանակ կոնկրետ քայլեր է առաջարկել բարձրացնելու Ուկրաինայի շուրջ իրավիճակի, ինչպես նաև Եվրոպայում ապագա զորավարժությունների թափանցիկությունը։

ԱՄՆ-ից հետո Մոսկվան անմիջապես ստացել է նաև ՆԱՏՕ-ի պատասխանը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում հայտարարել է․ «ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և առճակատում չի փնտրում։ Մենք չենք կարող զոհաբերել մեր դաշինքի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգությունը։ Մենք ամբողջովին հանձնառու ենք մեր կանոնադրության հինգերորդ հոդվածին և հնարավորինս կանենք պաշտպանելու մեր դաշնակիցներին»։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր ջանքերը սերտորեն համակարգել Ուկրաինայի և մյուս դաշնակիցների հետ, ներառյալ Ֆինլանդիան, Շվեդիան, Վրաստանն ու Եվրամիությունը։

Ստոլտենբերգն ընդգծել է, որ լարվածությունը աճում է, Ռուսաստանը շարունակում է հազարավոր զորքեր, ժամանակակից սպառազինություններ, հարյուրավոր ռազմական օդանավեր, S-400 հրթիռային համակարգեր տեղափոխել ոչ միայն Ուկրաինայի հետ սահմաններ, այլև Բելառուս։

«Մենք ևս մեկ անգամ Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունը։ ՆԱՏՕ-ն խորապես համոզված է, որ լարվածություններն ու տարաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության, այլ ոչ թե ուժի կամ ուժի ցուցադրության միջոցով», - նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Փետրվարին նախատեսված ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններում ներգրավված են լինելու Բելառուսի գրեթե ամբողջ բանակը և Ռուսաստանի զորքերը ու օդուժը։ Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Գուլևիչը այսօր հավաստիացրել է, որ զորավարժություններից հետ ռուսական բանակը դուրս է գալու Բելառուսի տարածքից։ Նա ասել է, թե զորավարժությունները զուտ պաշտպանական բնույթ են կրելու, ո՛չ Եվրոպայի, ո՛չ հարևան երկրների համար որևէ սպառնալիք չեն ներկայացնելու։

Զորավարժությունների համար երկու փուլ է նախատեսված, առաջին փուլով՝ մինչև փետրվարի 9-ը զորքերի տեղաբաշխումներ, փետրվարի 10-20-ը՝ համատեղ զորավարժություններ «Միութենական վճռականություն 2022»:

Ռուս-ուկրաինական սրված լարվածության ֆոնին Փարիզում տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով ստեղծված «Նորմանդական քառյակի» առաջնորդների քաղաքական խորհրդականների հանդիպումը։ 8,5 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի ներկայացուցիչը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը արդյունքների մասին ասել է, թե «պարծենալու բան չկա»։ Նա նշել է, որ առաջին հերթին պետք է հաղթահարել «Նորմանդական քառյակի» ներսում Մինսկի համաձայնությունների վերաբերյալ տարընթերցումները։ Պետք է նույն ընկալումը լինի, միասնական մոտեցումը համաձայնությունների իրականացման համր, նշել է Կոզակը։

Ուկրաինայի ներկայացուցիչը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Յերմակը հանդիպման անցկացումը գնահատել է որպես «շատ դրական ազդանշան»։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Կարծում եմ հիմնական արդյունքն այն է, որ «Նորմանդյան քառյակի» բոլոր անդամները աջակցում են կայուն հրադադարին, որը պետք է գործի առանց նախապայմանների»

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան բանակցություններում հաջողվել է ստանալ Ռուսաստանի համաձայնությունը վերականգնելու իր մասնակցությունները այդ գործընթացում, այս մասին հաղորդում է «Ռոյթերսը»։

«Նորմանդյան քառյակում» ընդգրկված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։ Վերջին տարիներին այդ ֆորմատով հանդիպումներ չեն անցկացվել։ Այդ երկրների ղեկավարների քաղաքական խորհրդականների Փարիզում կայացած բանակցություններում պայմանավորվել են մոտ ապագայում՝ երկու շաբաթից հանդիպել Բեռլինում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG