Ուկրաինայի սահմանին լարվածության ֆոնին` ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Էնթոնի Բլինքենին ընդունելիս Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին օգնության և աջակցության համար:
«Մեր զրույցի սկզբում ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ անձամբ, նախագահ Բայդենին և ԱՄՆ վարչակազմին՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու, այդ օգնությունը մեծացնելու համար, այն օգնության համար, որը մենք արդեն ստանում ենք, և այն աջակցության համար, որը, վստահ եմ, կշարունակվի ապագայում: Այդ օգնությունը վկայում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Միացյալ Նահանգների աջակցության մասին, և ինչն առավել կարևոր է, այն բարձրացնում է մեր բանակի մակարդակը և մեր բանակի ռեսուրսային հնարավորությունները», - ասել է նա:
Զելենսկու հետ հանդիպմանը Բլինքենն այսօր հերթական անգամ ընդգծել է, թե Վաշինգտոնը նախընտրում է ստեղծված ճգնաժամը կարգավորել դիվանագիտական ճանապարհով․ «Ռուսաստանի համար կա երկու ուղի` կա դիվանագիտության և երկխոսության ուղի, որպեսզի փորձենք լուծել առկա տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, դիվանագիտական ճանապարհով, հստակ նախընտրելի ուղի, հստակ ամենապատասխանատու ճանապարհը, և այն, որ մենք կցանկանայինք»:
Վաշինգտոնը պարբերաբար ընդգծում է դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու ցանկությունը, գնում է նոր բանակցությունների Մոսկվայի հետ` սրա հետ մեկտեղ շեշտելով, որ Ուկրաինայի վրա նոր ագրեսիայի դեպքում Արևմուտքի համակարգված պատասխանը Մոսկվային շատ ցավոտ է լինելու։
«Միևնույն ժամանակ մենք շատ հստակ հասկացրել ենք Մոսկվային, որ եթե նա որոշի վերսկսել ագրեսիան Ուկրաինայի դեմ, կբախվի շատ լուրջ հետևանքների, և պատասխանը կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների կողմից, այլ նաև Եվրոպայից», - նշել է Բլինքենը:
Դիվանագիտական ճանապարհով ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հնարավորությունը դեռ մնում է. Բլինքեն
Մինչ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելը Էնթոնի Բլինքենը հանդիպում էր ունեցել Ուկրաինայում աշխատող ամերիկացի դիվանագետների հետ և մի շարք հայտարարություններ արել, մասնավորապես հաստատել է 200 միլիոն դոլարի ամերիկյան օգնությունը Ուկաինային անվտանգության ոլորտի համար, կրկին ընդգծել Ուկրաինայի դեմ հարձակում սկսելու Մոսկվայի ծրագրերի հետ կապված Վաշինգտոնի մտավախությունը և սրա հետ մեկտեղ հայտարարել, թե դիվանագիտական ճանապարհով ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հնարավորությունը դեռ մնում է, և ինքը մտադիր է իրավիճակի խաղաղ կարգավորումը քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հունվարի 21-ին կայանալիք հանդիպմանը: Սրա հետ մեկտեղ ասել է, թե Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացումը նշանակում է, որ Մոսկվան կարող է ամենակարճ ժամկետում ներխուժման հրաման տալ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Բլինքենի ուղևորությունն ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերի շարունակությունն է:
Բլինքենը Ռուսաստանի հետ վերջին դիվանագիտական շփումները կքննարկի Բերբոկի հետ
Կիևից պետքարտուղարը կուղևորվի Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի հետ՝ «քննարկելու Ռուսաստանի հետ վերջին դիվանագիտական շփումները և Ուկրաինայի նկատմամբ հետագա ռուսական ագրեսիան զսպելու համատեղ ջանքերը»:
Նախօրեին Պետդեպարտամենտը հայտարարել էր, թե մտավախություն կա, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա Բելառուսի տարածքից. «Բելառուսի ուղղությամբ կանոնավոր պլանավորվող համատեղ զորավարժությունների հովանու ներքո ռուսական զորքերի տեղաշարժերի մասին հաղորդագրությունները անհանգստություն են առաջացնում: Ժամանակի ընտրությունը ուշագրավ է, և, իհարկե, մտավախություն է առաջացնում, որ Ռուսաստանը կարող է մտադիր լինել զորքեր տեղակայել Բելառուսում համատեղ զորավարժությունների անվան տակ, որպեսզի, հնարավոր է, հարձակվեն Ուկրաինայի վրա հյուսիսից»:
Պաշտոնական Վաշինգտոնը կարծում է, թե Մոսկվան չափազանց շատ քանակի զորքեր է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին, և այսօր մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ցանկացած պահի կարող է հարձակում սկսել Ուկրաինայի դեմ։
Երեկ` հունվարի 18-ին, Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ: Ինչպես հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, պետքարտուղարն ընդգծել է դիվանագիտական ուղու շարունակման կարևորությունը լարվածության թուլացման համար և հաստատել Միացյալ Նահանգների «անսասան հավատարմությունը» Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը Լավրովի և Բլինքենի զրույցի մասին հաղորդագրության մեջ շեշտը դրել է «անվտանգության երաշխիքների» ռուսական պահանջների վրա, որոնք քննարկվել են անցյալ շաբաթ Ժնևում և Բրյուսելում կայացած բանակցություններում: Մոսկվան Վաշինգտոնից գրավոր պատասխան է պահանջում։ Մոսկվան նաև կոչ է անում Վաշինգտոնին դադարեցնել ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին, քանի որ դա ուղղակիորեն սպառնում է Ռուսաստանին:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, այսօր ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի հարթակում, հայտարարել է նաև, որ Մոսկվան կոչ է անում ԱՄՆ-ին ռազմական օգնության փոխարեն «կոնկրետ գործերով» զբաղվել և պարտադրել Կիևին կատարել Մինսկի համաձայնությունները:
Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ մոտավորապես 100 հազար ռուս զինծառայողների կենտրոնացումը մտավախություն է առաջացրել, որ Մոսկվան ռազմական գործողություններ է պլանավորում իր հարևանի դեմ: Ռուսաստանը, սակայն, պնդում է, թե Ուկրաինա ներխուժում չի նախապատրաստում և միևնույն ժամանակ հրաժարվում է հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից, ավելին` հայտարարում է նաև բեառուսա-ուկրաինական սահմանի մոտ Բելառուսի հետ համատեղ զորավարաժություններ սկսելու ծրագրերի մասին։
Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սրման ֆոնին երեկ փլուզվել է Ռուսաստանի արժեթղթերի շուկան։ Ռուսական շուկան վերապրել է ամենալուրջ փլուզումը 2020 թ. մարտից ի վեր և կորցրել է նախորդ տարվա ամբողջ աճը, այսօր անկումը շարունակվել է:
Թուրքիայի հերթական նախաձեռնությունը
Ռուս-ուկրաինական ճգնաժամը կարգավորելու հերթական նախաձեռնությամբ հանդես է եկել ՆԱՏՕ անդամ Թուրքիան:
Թուրքիան պատրաստ է իր դերը խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ապաԷսկալացման գործում: Նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Թուրքիա` «տարաձայնությունները հարթելու համար»: Այս մասին Daily Sabah-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը «Լարվածություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. ինչ վտանգներ կան Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար» խորագրով առցանց կոնֆերանսում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Անկարայի հերթական այս առաջարկին ավանդական պատասխան է տվել, որ ուրախ կլինեն, եթե Անկարան համոզի Կիևին վերադառնալ Մինսկի համաձայնագրերի կատարմանը։