Մատչելիության հղումներ

Բլինքենը և Լավրովը հունվարի 21-ին կհանդիպեն Ժնևում


ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ:
ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, արխիվ:

ԱՄՆ պետական դեպարտամենտը հաստատել է, որ հունվարի 21-ին Ժնևում տեղի կունենա Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

«Այսօր պետական քարտուղարը հեռախոսով զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք պայմանավորվել են հանդիպել Ժնևում՝ այն բանից հետո, երբ պետական քարտուղարը կայցելի Կիև և Բեռլին: Մենք մշտական կապ ունենք ռուսական կողմի, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասել է պետական դեպարտամենտի խոսնակը:

«Բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը վկայում է այն մասին, որ «դիվանագիտությունը, գուցե, չի մահացել»,- նշել է խոսնակը:

Ենթադրվում է, որ Բլինքենը և Լավրովը կքննարկեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջների և Ուկրաինայի հակամարտության հարցերը:

«Այս հանդիպումը Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի հետ լուրջ մտահոգությունների շուրջ մտքեր փոխանակելու և համաձայնության եզրեր գտնելու իրական հնարավորություն է»,- ասել է պետական դեպարտամենտի պաշտոնյան:

Ժնև մեկնելուց առաջ Բլինքենն այս շաբաթ Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ապա կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի արտգործնախարար Աննալենա Բորկեկի հետ: Վերջինս այսօր Մոսկվայում հանդիպել է Լավրովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG