Մոսկվան միայն կողջունի, եթե թուրք գործընկերները կարողանան Կիևին մղել մինսկյան համաձայնությունների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։
«Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել կարգավորել Ուկրաինայում իրավիճակը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ: Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց կատարել ավելի վաղ ստանձնած պայմանավորվածությունները, դա միայն կողջունվի», - ասել է Պեսկովը։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էր հայտարարել, որ Ռեջեփ Էրդողանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին և կազմակերպել բանակցություններ տարաձայնությունները կարգավորելու հարցով։